14.08.2019 19:58

ՍԴ անդամների հնարավոր հրաժարականներից վախեցածները

ՍԴ անդամների հնարավոր հրաժարականներից վախեցածները

Ինչպես հայտնի է՝ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 

Այդ փաթեթում առկա մի հոդված հատկապես հուզել է նախկին իշխանությունների քարոզչության տիրույթում «անկախության» եւ ուղղակի պաշտպանության դիրքերից հանդես եկող իրավաբաններին:

Խոսքը այս հոդվածի մասին է, որտեղ ամրագրված է. «Անցումային և եզրափակիչ դրույթներ․ 1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի»։

Ահա այս հոդվածի առնչությամբ էլ սկսվել է տեղեկատվական եւ հոգեբանական գրոհը: Նախկինները ամեն գնով փորձում են հոգեբանորեն «համոզել» եւ «ակնարկել» ՍԴ անդամներին, որ հանկարծ չգնան նման քայլի:

ՍԴ-ում համառորեն ճգնաժամ չտեսնող այդ նախկինները ոչ միայն հայտարարում են, թե իբր այս հոդվածն ապօրինություն է, օրինական կաշառք եւ այլն, այլեւ բառապաշարի հարցում անգամ սահմաններ չեն ճանաչում եւ չեն խորշում հայտարարել, թե նման քայլի գնացողները դավաճաններ են եւ այլն:

Մենք չենք քննարկում՝ արդյո՞ք ճիշտ են այս փոփոխությունները, արդյո՞ք իշխանությունները կարող են կամ պետք է ճգնաժամի լուծման այլ տարբերակներ գտնեն, սա այժմ չենք քննարկի: Հարցը նախկինների արձագանքն է, որովհետեւ միշտ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, այլեւ այն, թե ով եւ երբ է ասում, որովհետեւ դրանից է կախված այն, թե նա ինչու է դա ասում:

Եւ ուրեմն, նախկինների «փաստաբանները» առաջին հայացքից փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, թե իբր իրենց հետաքրքրում է հարցի օրինականությունը, եւ իրենց ընդվզումն այդ նպատակով ու պատճառով է:

Իրականում, սակայն, ոզնուն անգամ ակնհայտ է, որ այս գրոհը մեկ այլ` հիմնական պատճառ ունի՝ վախը: Նրանք ընդամենը վախենում են, որ կգտնվեն ՍԴ այնպիսի անդամներ, որոնք Սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հանգուցալուծելու համար կարող են եւ հրաժարական ներկայացնել: Իսկ դա նախկիններին այս պահին ընդհանրապես պետք չէ:  Որովհետեւ նախկինների ամբողջ համակարգը՝ իրավական, քաղաքական եւ  քարոզչական, այս մեկ տարում բոլոր ռեսուրսներով լծվել է Մարտի մեկի գործը տորպեդահարելուն եւ Քոչարյանին մեղադրանքից «ազատելուն», եւ այդ նպատակի համար նրանք հստակ ծրագիր ունեն, որտեղ ամեն մի կառույց եւ անհատ իր հստակ անելիքն ունի:

Ու այդ ծրագրում առանձնահատուկ է Սահմանադրական դատարանի դերը, որով նախ փորձում են ձգձգել գործը, եւ ապա, եթե հնարավորություն ունենան, նաեւ կարճել այն:

Ասել է թե` նախկինների հույսը հենց ՍԴ անդամներն են, որոնց անելիքների հետ նախկինները հստակ հույսեր են կապում: Այնպես որ, նախկինների դժգոհության իրական պատճառը վախն է` ՍԴ անդամների հետ կապված. բա որ հանկարծ նրանք «քաշեն» ու հրաժարական տա՞ն:

Պարգեւ Ապրեսյան