15.08.2019 13:08

Սարգիս Արծրունի. Ո՞ւմ վրա է «քար գլորում» Ռոբերտ Քոչարյանը. «միակ տղամարդու» բլեֆը. 1in.am

Սարգիս Արծրունի. Ո՞ւմ վրա է «քար գլորում» Ռոբերտ Քոչարյանը. «միակ տղամարդու» բլեֆը. 1in.am

Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել. «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել 300 զինծառայող՝ իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական փամփուշտներով: Նրանք եղել են սպաներ և ենթասպաներ, այդ թվում՝ դիպուկահարներ: Ավելի ուշ նրանց են միացել ևս 400 զինծառայողներ, ովքեր մինչև 2008 թվականի ապրիլի կեսերը մնացել են Երևանում և, ըստ Օգանովսկի մականունով գեներալի, հերթափոխով հսկել են կառավարության շենքը: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հակառակորդը դիվերսիոն հարձակման է դիմել: Ավելին՝ հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Մենք պատահական չվկայակոչեցինք երկու գեներալների հայտարարությունները, որոնք միանշանակ հաստատում են, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Արցախից զորք է տեղափոխվել Երևան, ընդ որում՝ նշվում է կոնկրետ քանակ ու դրանում դիպուկահարների առկայությունը։

Մի պահ վերանանք այն փաստից, թե արդյոք Օգանովսկին ու նրա ջոկա՞տն են իրականացրել սպանությունները՝ ինչպես նշվում էր BBC-ի աղմկահարույց հրապարակման մեջ։ Այս խնդրով, հուսանք, նախաքննության մարմինը հավուր պատշաճի կզբաղվի, ու ոչ մի ոճրագործ անպատիժ չի մնա։

Այնուամենայնիվ, նկատենք, որ դիպուկահարները պատահական կամ «հումանիստական» առաքելությամբ Արցախից Երևան չէին բերվի։

Ինչևէ, այս պահին ունենք ցուցմունքներով հաստատված երկու անհերքելի փաստ. դրամատիկ իրադարձությունների օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել 700 զինվորական, ինչի հետևանքով հակառակորդը դիվերսիոն հարձակման է դիմել։

Նախաքննության միայն այս դրվագը բավարար է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվի, ինչը և արվել է։ Էլ չենք խոսում խնդրի քաղաքական, բարոյական բաղադրիչների մասին, որոնք նույնպես շատ կարևոր են։ Փաստորեն՝ Արցախի խնդրով խիստ «մտահոգ» Ռոբերտ Քոչարյանն այսպես է հոգացել Արցախի սուբյեկտության ու անվտանգության մասին։ Սակայն այս դրվագի վրա չենք ծանրանա, որովհետև Քոչարյանը Հայաստանում կողմնակիցներ գրեթե չունի, հետևաբար լրացուցիչ փաստարկներ բերելու անհրաժեշտություն չունենք։

Ակնհայտ այս իրողությունների համատեքստում այսօր, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Կարող եմ միայն ասել, որ Արցախի ԶՈՒ-ից որևէ ստորաբաժանում, որևէ զինվոր չի մտել ՀՀ»,- ասել է նա։

Եթե Քոչարյանի ձեռագրին ծանոթ չլինեինք, թերևս արժեր լուրջ լրագրողական հետաքննություն իրականացնել այս հայտարարության առնչությամբ։ Սակայն Քոչարյանը մի մարդ է, որը սկզբում հերքել է 0038 գաղտնի հրամանի առկայությունը, հետո արդարացել է, թե դրանից անտեղյակ է եղել։

Երկրորդ նախագահը խոսում է Գորիկ Հակոբյանի՝ իրենց ներկայացված օպերատիվ տվյալների մասին՝ օգտվելով այն առիթից, որ ԱԱԾ նախկին տնօրենը վաղուց հանգուցյալ է։

Համոզված ենք՝ կգա մի օր, երբ Ռոբերտ Քոչարյանը փաստերի ճնշման տակ կընդունի, որ Արցախից Հայաստան զորք է բերվել, սակայն անտեղյակի համառությամբ կպնդի, որ դրա մասին տեղեկացել է ուշ, երբ ամեն բան վերջացած է եղել։

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարում էր, որ երկրի «միակ տղամարդն» է։ Եթե այդ հայտարարության տրամաբանությանը հետևենք, ապա Քոչարյանը դատարանում պետք է խոստովաներ ճշմարտությունը ու «միակ ճշտով» դատարանում փորձեր հիմնավորել, որ ինքն է Մարտի 1-ի գործողությունների ղեկավարը ու դա արել է որոշակի հանգամանքներից ելնելով։ Այլապես հիմա Քոչարյանը թաքնվում է փախստական կամ հանգուցյալ գեներալների, Արցախի «դուխովների» հետևում ու հայտնվում է դասալիք հրամանատարի նվաստացուցիչ կարգավիճակում, որը պատրաստ է բոլորին զոհաբերել՝ իր «կաշին փրկելու» համար։ Փաստորեն՝ Քոչարյանն ակնարկում է, որ Միքայել Հարությունյանը, Գորիկ Հակոբյանը, Օգանովսկին ու մյուսներն ինքնիրավչություն են արել, ու նախաքննության մարմնին ցույց է տալիս նրանց տեղը։ Կամ էլ ակնարկում է, որ արյունոտ խրախճանքի «հրամանատարը» եղել է Սերժ Սարգսյանը։

«Միակ տղամարդը» «ծախում» է բոլորին՝ փրկվելու համար, իրականում շատերին իր հետ քարշ է տալիս ԱԱԾ մեկուսարան։

1in.am