15.08.2019 13:33

Արսեն Գրիգորյան. «Պյուռոսյան» ինքնապաշտպանություն

Արսեն Գրիգորյան. «Պյուռոսյան» ինքնապաշտպանություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին Երեւան են բերվել ազատագրված տարածքների զորքերը, ի թիվս այլ հանգամանքների՝ թելադրված է խուճապով։

Գուցե չհավատաք, բայց Խուդոյանի հայտարարության մեջ մեծ դեր ունի արդարադատության նախարարության ներկայացրած «ՍԴ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի անցումային դրույթը, որով ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ աշխատավարձը պահպանելու եւ սոցիալական այլ երաշխիքների գնով։ Պաշտպանական կողմի համար օրենքի այս դրույթը դաժան հարված է, ՍԴ անդամները առնվազն մտածելու են առաջարկի մասին։ Նրանք իրավիճակը բացատրել են մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որն էլ հասկացրել է, որ հիմա արդեն էական չէ, պետք է բերել յուրաքանչյուր փաստարկ, որն իրեն կազատի կալանքից։ Եվ պաշտպանական կողմի հետ միասին մտածել են ահա այս «հանճարեղ» փաստարկը։

Թողնենք մի կողմ, որ ազատագրված տարածքներում գոնե պաշտոնապես անելիք չունեն Հայաստանի զինված ուժերը, մի կողմ թողնենք, որ Հայաստանն առաջին անգամ, նախկին նախագահի մակարդակով՝ դառնում է ագրեսոր։ Փաստաբանական կողմը, ըստ էության, ազգային անվտանգության հարց չի լուծում, նա լուծում է իր պաշտպանյալի հարցը ազգային անվտանգությունը վտանգելու գնով։ Սա կարեւոր է հասկանալ՝ նրանք միջոցների առջեւ խտրություն չեն դնում։ Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ հայտնվել են մեկ ուրիշ ծուղակում՝ ստիպված են ընդունել, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են ՀՀ վարչական տարածքից դուրս գտնվող զորամիավորումներ։

Պաշտպանական կողմի այս ծայրահեղ, ուղղակիորեն ադրբեջանանպաստ քայլը զարմանալի ուղերձ է ոչ միայն ՍԴ-ին, այլեւ ՄԻԵԴ-ին։ Նրանք նախ ՍԴ անդամներին հասկացնում են, որ մեզ մոտ վառոդը սպառված չէ, դուք էլ փորձեք մնալ ոտքի վրա։ Այսինքն, մեր զինանոցում լիքը «կռուտիտներ» կան, հանկարծ իշխանության կուտը չուտեք։ Իսկ ՄԻԵԴ-ի պարագան մի քիչ այլ է։ Պարզ է, որ դատավճիռն ի վերջո բողոքարկվելու է ՄԻԵԴ-ում։ Այնտեղ Հայաստանը պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ զորամիավորումներ են մասնակցել Մարտի 1-ի հանցանքներին։ Եթե Հայաստանը հայտարարում է, որ դրանք ԼՂՀ հայկական զինված ուժերն են, ուրեմն ՀՀ նախագահը բանակը չի խառնել քաղաքականությանը, եթե հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերն են, ընդունում է, որ օկուպացրել է դե յուրե ադրբեջանական տարածքը։ Ահա հենց այս հաշվարկով էլ ՀՀ գլխավոր մեղադրյալի պաշտպանական կողմն արել է այս աննախադեպ հայտարարությունը։

Միայն առաջին հայացքից է այդ հայտարարությունը խուճապային, միայն առաջին հայացքից է թվում, թե ՍԴ-ում հաջողության չհասնելու վախից նրանք ասպարեզ են նետել ինքնապաշտպանական այս թեզը։ Այնպես որ ՍԴ անդամների հրաժարականը դառնում է անխուսափելի, քանի դեռ նրանք եւ Քոչարյանի պաշտպանները, ձեռք ձեռքի տված, չեն հասել այսպիսի մի «պյուռոսյան» ինքնապաշտպանության։