15.08.2019 13:58

Ղրղզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ են ներկայացվել

Ղրղզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ են ներկայացվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պաշտոնապես կասկածյալ է դարձել արդեն չորս քրեական գործերով, այդ թվում՝ օգոստոսի 7-8-ին իր կողմնակիցներին իրավապահների հետ բախման մղելու, Интерфакс-ին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբանը:

«Այսօր Ղրղզստանի զինվորական դատախազությունը ևս երկու ծանուցում է ուղարկել հանցագործություն կատարելու մասին՝ Բիշքեկի ՋԷԿ-ի նորացման և Բիշքեկում «Ֆորումի» շենքը սեփականության հանձնելու գործերով, դրանցում մի քանի դրվագ կա, այդ թվում՝ կոռուպցիայի վերաբերյալ: Այդպիսով, այս պահի դրությամբ, Ատամբաևը կասկածյալ է համարվում չորս քրեական գործերով»,- ասել է փաստաբանը: Վերջինս նշել է, որ երկու գործ էլ վերաբերում են օգոստոսի 7-8-ին Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած դեպքերին և 2013 թ. չեչեն օրենքով գող Ազիզ Բատուկաևին բանտից ազատելուն:

Փաստաբանի տվյալներով՝ զինվորական դատախազությունը մտադիր է հինգշաբթի ծանուցումներ հանձնել էլի մի քանի գործերով: «Զարմացնում է հետաքննության արագությունը. չէ՞ որ մինչև հիմա Ատամբաևը Բատուկաևի գործով անցնում էր որպես վկա»,- նշել է փաստաբանը:

«Ֆորումը» Բիշքեկում օֆիսային շենք է, որտեղ գտնվում են Ատամբաևի հիմնադրած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և նախկին նախագահին պատկանող «Ապրիլ» հեռուստատեսությունը:

Նախկին նախագահին սպառնում է ցմահ ազատազրկում:

Փոխանցում է newsru.com-ը: