15.08.2019 15:14

Իրանում ձերբակալել են երկքաղաքացիություն ունեցող մարդաբանի

Իրանում ձերբակալել են երկքաղաքացիություն ունեցող մարդաբանի

Իրանում,  առանց պատճառները պարզաբանելու, ձերբակալվել է բրիտանա-իրանցի մարդաբան, ծնունդով Քրդստանից՝ Քամիլ Ահմադին:

Գիտնականի կինը՝ քաղաքագետ Շավագ Ռահմանին, BBC-ին պատմել է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները օգոստոսի 11-ին ամուսնուն տարել են Թեհրանում իրենց տնից՝ վերցնելով անձնագիրը և այլ փաստաթղթեր, նաև խուզարկելով նրա ավտոմեքենան:

Ռահմանիի խոսքով՝ ամուսնու կարգավիճակի և մեղադրանքների վերաբերյալ իր հարցումներն անպատասխան են մնացել: Հայտնի է միայն, որ մարդաբանը ձերբակալվել է մեկ ամիս ժամանակով և տեղափոխվել իր դաժան պայմաններով հայտնի Էվին բանտը, որտեղ քաղաքական բանտարկյալներին են պահում: Դատախազությունը տեղեկացրել է, որ հետաքննություն է անցկացնում Իրանում Ահմադիի գործունեության մասին, և քննչական գործողությունների ավարտից հետո նրան մեղադրանք կառաջադրվի:

Գիտնականի կինը պատմել է, որ Ահմադին 25 տարի առաջ բրիտանական քաղաքացիություն է ստացել, սակայն վերջին 15 տարիներին ապրում է Իրանում:

Իսլամական Հանրապետության իշխանությունները երկքաղաքացիությունը չեն ճանաչում, և այդ երկրում ձերբակալված օտարերկրացիների ստույգ թիվը հայտնի չէ:

Մարդաբան գիտնականը զբաղվել է նաև Իրանում կանանց թլփատման և մանկական ամուսնությունների դեպքերի ուսումնասիրությամբ:

Փոխանցում է newsru.com-ը: