16.08.2019 14:37

Սեքս՝ աշխատանքային պայմանագրի դիմաց

Սեքս՝ աշխատանքային պայմանագրի դիմաց

Հարավաֆրիկյան Լեսոտոյի՝ամերիկյան հանրահայտ բրենդների՝ Levi Strauss-ի, Wrangler-ի և Lee-ի համար ջինսեր արտադրող ֆաբրիկաների աշխատակցուհիները ստիպված են եղել, աշխատանքից զրկվելու վախից դրդված՝սեքսով զբաղվել մենեջերների հետ, հաղորդում է Guardian թերթը:

Սկանդալի մասին հայտնի է դարձել Աշխատավորների իրավունքների կոնսորցիումի (WRC) անկախ հետաքննության շնորհիվ: Հետաքննության արդյունքների համաձայն՝ սեռական հարաբերությունների են դրդել ոչ միայն տեղացի մենեջերները, այլև օտարերկրացիները:

«Իմ արտադրամասի բոլոր կանայք քնել են մենեջերի հետ,- WRC-ին պատմել է աշխատակիցներից մեկը:- Կանանց համար դա ապրուստի հարց է, ուրիշ ոչինչ… Եթե ասես «ոչ», ապա աշխատանք չես ունենա, կամ պայմանագիրդ չեն երկարացնի»:

Բոլոր ֆաբրիկաները՝  դրանք թվով հինգն են, պատկանում են թայվանյան Nien Hsing ընկերությանը, որը հաղորդել է, թե վերջին երկու տարիներին սեռական ոտնձգության կամ բռնության ոչ մի դեպքի մասին իրենց չեն հայտնել:

Levi Strauss & Co ընկերությունը, տեղեկանալով հետաքննության արդյունքներին, Nien Hsing-ին զգուշացրել է, որ նման բան չի հանդուրժի, և պահանջել է խնդիրը լուծելու ուղիներ գտնել: Wrangler և Lee բրենդների սեփականատեր Kontoor Brands ընկերությունը նույնպես խորը մտահոգություն է հայտնել այդ առիթով:

Փոխանցում է BBC-ն: