17.08.2019 09:30

Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանա մասնակցել Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին

Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանա մասնակցել Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին

Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից, որպեսզի ադրբեջանիցները մասնակցեն:

Օրերս Մարիա Գեւորգյանն իր ֆեյսբության էջում հրապարակեց մի լուսանկար, որում Թուրքիայում նախատեսված մրցաշարի կազմակերպիչը նամակագրությամբ Մարիա Գեւորգյանին խնդրել է հրաժարվել մրցաշարի մասնակցությունից, քանի որ այդպես են պահանջել ադրբեջանցիները: Այս առնչությամբ, շախմատիստ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցներին.

«Մի քանի օր առաջ Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին մասնակցելու առաջարկ ստացա, որը տեղի է ունենալու օգոստոսի 18-24-ը: 2018 թվականին նման մի մրցաշարի մասնակցել էի Թուրքիայում։ Այն շատ լավ էր կազմակերպված:  Այս մրցաշարին մասնացելու առաջարկն ինձ նախորդ մրցաշարի կազմակերպիչն արեց եւ տեղեկացրեց, որ կազմակերպիչը նա չէ, այլ մեկ ուրիշն է եւ նա ուղղակի ցանկանում է օգնել: Ապա ինձ հետ կապ հաստատեց Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն եւ հայտնեց, որ ինձ համար արդեն ինքնաթիռի տոմսեր են ամրագրում: Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչը կրկին կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ինքնաթիռի տոմսերը բավական թանկ են: Ես էլ նրան տեղեկացրի, որ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ կարող եմ չեղարկել մասնակցության հայտս եւ չմեկնել Թուրքիա: Նա անմիջապես պատասխանեց, որ խնդիր չի լինի եւ իրենք սպասում են ինձ Թուրքիայում:

Մի քանի ժամ անց ստանում եմ հաղորդագրություն Մուսթաֆա Էրոգլուից հետեւյալ բովանդակությամբ՝ «Ադրբեջանցիները խնդրանք են ներկայարցել, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենց չեն մասնակցի մրցաշարին»: Ես ոչինչ այլեւս չձեռնարկեցի»,-ասել է Մարիան: