20.08.2019 10:54

Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից:

Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել են:

Դանիբեկյանն ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով որպես նրա իրավունքների խախտում։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։

Դանիբեկյանը քննում է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։