20.08.2019 12:14

Արսեն Գրիգորյան. Ամուլսարի ամուլ ձայները

Արսեն Գրիգորյան. Ամուլսարի ամուլ ձայները
Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am

Ամուլսարն, այո, «ոսկոր» է։ Այն դեռեւս իշխանությունների կոկորդին է։ Այն ընդդեմ իշխանությունների է համախմբելու բոլորին՝ նախկին հեղափոխականներին, բնապահպաններին, հ/կ-ներին։ Բայց այս ընդդիմությունից ռևանշի հոտ են առնում նաեւ նախկինները։ Այսինքն, նրանք, ովքեր Ամուլսարը տվել են Լիդիանին։ Առիթից ուզում են օգտվել նաեւ քոչարյանականները։ Եվ ինչքան Փաշինյանի դեմ ծավալվող ըմբոստության այս ձնագնդին մեծանա, այնքան նրանք ավելի հարմարավետ են տեղավորվելու շարքերում։ Խնդիրն այն չէ, որ պետք է դադարեցնել Ամուլսարի շահագործման դեմ պայքարը։ Ոչ էլ այն, որ անպայման պետք է շահագործել, որ հհկ-ականներն ու քոչարյանականները «սթրվեն» իրենց տեղում։

Խնդիրն այն է, որ ռևանշիստները ոչ մի բողոք չունեն։ Նրանք պարազիտանում են բողոքի վրա, նրանց ձայնը ամուլ է, ասելիք չունեն։ Հենց սա է, որ վտանգավոր է դարձնում Ամուլսարի դեմ պայքարը։ Պետք է հնարավորինս էս ռևանշիզմը հեռու պահել Ամուլսարից։ Նրանք ունեն կայքեր, նրանք ունեն փող, նրանք կարող են բղավել մյուսներին հավասար, բայց նրանք սեփական «բնապահպանությունը» չունեն, նրանք չունեն իրենց saveamulsar-ը։ Եվ ամենասարսափելին այն է, որ օրինաչափորեն ժողովրդի մեջ են, չես կարող հանել դուրս, ոչ ժողովուրդն է իշխանություն, ոչ նրանք, ինչպե՞ս տարբերես նրանց մյուսներից, երբ բղավում են նույնը, ինչ մյուսները։ Ու սրա դեմ մի ելք կա՝ փողոցից պիտի գնալ ամբիոններ, լրատվամիջոցներ։ Ու էնտեղ ձեւակերպել ըմբոստության ամբողջ բովանդակությունը։ Դա չեն կարող անել մոտակա նախկիններն ու քոչարյանականներն իրենց էությամբ։ Որովհետեւ գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին է խոսքը։ Նրանք Ամուլսարի դեմ պայքարին են միացել զուտ նրանից իշխանափոխություն ստանալու համար։ Նրանք իրենց մտապատկերում Նիկոլի ճոճվող աթոռն են միայն տեսնում։

Ես չգիտեմ, Ամուլսարն արժե՞ նրան, որ այդ աթոռը ճոճվի, չգիտեմ նաեւ՝ Փաշինյանն իսկապե՞ս գիտի՝ ինչ է խոսում, երբ ասում է, որ Ամուլսարը պիտի շահագործվի, բայց նա բովանդակության մեջ է, նա իր փաստարկներն ունի, բնապահպաններն ու մյուս ընդդիմախոսները՝ իրենցը։ Հենց այդ պատճառով այս հակամարտությունը չպետք է դուրս գա բովանդակային դաշտից ու չվերածվի «հեղափոխությունը դավաճանում է ժողովրդին» մտածողության։ Որովհետեւ էդ մտածողության մյուս ծերին բոլորին սպասում է հակահեղափոխությունը։ Սա Փաշինյանին էլ պիտի հայտնի լինի, որը պիտի իր խմբակցության այն անդամներին, ովքեր կողմ են շահագործմանը, հասկացնի, որ չի կարելի ժողովրդի մեջ դուրս գալ «ես հանքարդյունաբերությունից ոչինչ չեմ հասկանում» ասելով։ Որովհետեւ քոչարյանականներն էլ չեն հասկանում, սերժսարգսյանականներն էլ։ Հետեւաբար՝ հասկացողները պետք է առանձնանան։

Այնպես չէ, որ էդ նախկինները փողոցում իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում, բայց ամբոխային լինելը նրանց խորթ չէ, նրանցից յուրաքանչյուրը մենակ էլ է ամբոխ, նրանք կարող են խանգարել հենց բովանդակության ձայնին պարզապես ասելիք չունենալով։ Այնպես որ՝ կա՛մ փողոցը պետք է դառնա բովանդակության ամբիոն՝ առանց նախկինների, որոնք շտապում են երեւալ ժողովուրդ, կա՛մ բովանդակությունը պետք է գնա ամբիոններ՝ այս մարդկանց թողնելով առանց ասելիքի։