20.08.2019 13:02

Պարագվայը ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Պարագվայը ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Դիմադրության իսլամական շարժումը (ՀԱՄԱՍ) և լիբանանյան շիական «Հեզբոլլահը» Պարագվայում ճանաչվել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններ։ Երկրի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի։

Ինչպես կառավարության որոշումը  պարզաբանել է հարավամերիկյան հանրապետության ներքին գործերի նախարար Խուան Էռնեստո Վիլյամայորը, իշխանությունները մտադիր են, առաջին հերթին, ուժեղացնել վերահսկողությունը «իրենց գործունեությունը նաև արևմտյան կիսագնդում ծավալող» այդ կառույցների ֆինանսավորման նկատմամբ։

Վիլյամայորի խոսքով՝ Ասունսիոնը տեղեկություններ ունի ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» գործունեության վերաբերյալ Արգենտինայի, Բրազիլիայի և Պարագվայի սահմանների հատման շրջանում։

Միջազգային ահաբեկչական կազմակերպություններ ճանաչված այս երկու շարժումներից բացի՝  հրամանագրով գլոբալ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում են ներառվել նաև «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» խմբավորումները։

Փոխանցում է tass.ru-ն։