21.08.2019 14:48

«Ռուսթավի 2»-ը հեռացրել է Պուտինի հասցեին հայհոյանքներ տեղացած լրագրողին

«Ռուսթավի 2»-ը հեռացրել է Պուտինի հասցեին հայհոյանքներ տեղացած լրագրողին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստատեսության նոր ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել մի քանի լրագրողի, այդ թվում՝ հաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյախառն բառապաշարով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին, Վրաստան խորհրդարանի նիստում ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելուց հետո երկրում ծայր առած բողոքի ցույցերի ֆոնին: Հաջորդ օրը Գաբունիան երկու ամսով հեռացվել էր աշխատանքից: Նրա պահվածքը դատապարտել էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկի Բախտաձեն: Ռուսաստանի պետդուման կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ, մասնավորապես՝ դադարեցնել վրացական գինիների ու ջրերի ներմուծումը Ռուսաստան:

«Ռուսթավի 2»-ի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան ճեպազրույցում ազատման պատճառ է անվանել շահերի բախումը: Նրա խոսքով՝ արձակուրդում գտնվելով՝ լրագրողները այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հակասում են հեռուստաալիքի շահերին, մասնավորապես՝ հայտարարում են, թե մտադիր են աշխատել «Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի  հիմնադրած նոր հեռուստաալիքում:

Փոխանցում է BBC-ն: