21.08.2019 18:03

Արծվիկ Մինասյանի ժամանակ Ամուլսարում ամեն ինչ «համապատասխանում էր օրենքին»

Արծվիկ Մինասյանի ժամանակ Ամուլսարում ամեն ինչ «համապատասխանում էր օրենքին»

Ամուլսարի խնդրով վերջին օրերին խոսում են բոլորը: Ոչ միայն նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են հանքի շահագործման դեմ, այլեւ անգամ նրանք, ովքեր լռեն են:

Օրինակ՝ Դաշնակցությունը, որ երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հարցը դնել հանրաքվեի:

Հայտարարության մեջ ՀՅԴ ԳՄ-ն նշել է, որ «առաջնահերթություն  համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը», մտահոգիչ է համարել այն, որ «հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում»։

«Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։ Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝

-հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,

-վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,

—հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող եւ հանրության կողմից ընդունելի որոշման»։

Լավ է, իհարկե, որ Դաշնակցությունը եւս մտահոգ է խնդրով, հարցն այն է, սակայն, թե ինչու տարիներ առաջ մեկնարկած այս ծրագրի կապակցությամբ մտահոգիչ ռիսկեր չէր տեսնում, ասենք՝ բնական պաշարների անվտանգ շահագործման հարցով:

Գուցե պատճառն այն է, որ այն ժամանակ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարում էր, թե Ամուլսարի հանքում օրենքի խախտումներ չկան, որ ինքը կողմ չէ «ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու», որ «բնապահպանների մի մասն ամենևին չի զգում պատասխանատվություն, պարզապես փորձ է արվում ամեն բան շահարկել»:

Պարզապես մի քանի մեջբերումներ անենք Ամուլսարի վերաբերյալ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարություններից:

 02/11/2016
Բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Այն պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկացած տնտեսական ծրագիր պետք է այլընտրանքով բանավեճի առարկա դառնա: Եթե չկա այլընտրանքային ծրագիր, ստացվում է, որ շատ հաճախ հայտարարությունները հիմնավորված մոտեցում չեն: 

Հարցին, թե որպես բնապահպանության նախարար՝ ինքը թույլատրելի համարո՞ւմ է Ջերմուկի  առողջարանի հարևանությամբ նման հանքավայրի շահագործումը, նախարարը պատասխանեց. «Էմոցիոնալ հարթության վրա հարցադրում է դա: Եթե չկա ծրագրի այլընտրանքը, այլ ընդամենը ասում ենք, որ մեր պապերն ապրել են այդտեղ, կամ մենք ենք ստեղծել այս քաղաքը, ճիշտ չէ: Եթե վնասը կամ այլընտրանքային ծրագիրը ներկայացված չէ, ի՞նչն եք ինչի հետ համեմատում: Ես ի՞նչ կարող եմ անել, երբ կա ծրագիր, որով նախատեսված է, որ ամբողջ գործընթացները գոնե մեր գործող օրենսդրության շրջանակներում արվել է: Սրա լուծումը ո՞րն է»:

Նա հավելեց, որ բնապահպանների մի մասն ամենևին չի զգում պատասխանատվություն, պարզապես փորձ է արվում ամեն բան շահարկել:

27/12/2016

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը տրվել է դրական եզրակացություն օրենքի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքում:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տարեկան ամփոփիչ ասուլիսում հիշեցնելով այդ մասին` ընդգծեց, որ հարցն արժի դիտարկել իրավական հարթության վրա:  

«Ես, որպես Սահմանադրությամբ առաջնորդվող մարդ, շարժվելու եմ բացառապես օրենքի շրջանակներում։ Եթե կա այլ մոտեցում, իրավական հիմնավորում` եզրակացությունը վերանայելու, մենք պատրաստ ենք քննարկել։ Սակայն, մյուս կողմից, չի կարելի անընդհատ խոսել մի թեմայի մասին, առանց իրավական հիմքերի համապատասխան վերանայված փաթեթի, որովհետեւ դրա արդյունքում մենք վնասում ենք նաեւ այն նախաձեռնություններին, որոնք կապված են բնապահպանական ծրագրերի հետ»,- նշեց նախարարը։ 

12/09/2017

Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր իրավական գործընթացները իրականացվել են գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատախսանելով «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը, որը տրվել է 2014թ. ապրիլին, այդ ընթացակարգով ևս իրականացվել է»,- նշեց Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ դրանից հետո մամուլում պարբերաբար տարբեր հարցերի վերաբերյալ պատասխաններ են հնչել: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը տրամադրել պատգամավորներին:

 30/03/2018

Հանդիպմանը ներկա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խորհրդի անդամներին հիշեցնելով, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում և մեջ է բերել օրենքի այն դրույթները, որոնց առկայության դեպքում հնարավոր է ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը։ Նախարարը փաստել է, որ հիշատակված հիմքերից որևէ մեկն այս պահի դրությամբ առկա չէ, իսկ փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։

Հ.Գ. Ի դեպ, 2016 թվականի դեկտեմբերին ստորագրվեց հուշագիր՝ «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով: «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

iLur.am