Մերկելը Ջոնսոնին 30 օր է տվել «backstop»-ի համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից ջերմ ընդունելությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ իր առաջին արտասհմանյան այցի ընթացքում, և Բեռլինի արտահայտած դիրքորոշումը՝ առաջին ակնարկն են եղել այն բանի, որ հնարավոր է փոխզիջման գնալ «brexit»-ի պայմանների հարցում:
Համատեղ ասուլիսում Մերկելը նշել է, որ երկու կողմերին բավարարող որոշում առայժմ չի ընդունվել, սակայն ընդհանուր առմամբ՝ ինքը տեսնում է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև «համագործակցության այնպիսի ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն», որը կփարատի երկու կողմերի անհանգստությունը:
Գերմանիայի կանցլերը Լոնդոնին մեկ ամիս ժամանակ է տվել՝ brexit-ի գործարքի կոմպրոմիսային տարբերակ գտնելու համար:
Բեռլինից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի հաջորդ կանգառը Փարիզում է, որտեղ, հնարավոր է, նրան նույնքան ջերմ ընդունելություն չի սպասվում: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը անհամաձայնություն է հայտնել Բորիս Ջոնսոնի պահանջին՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև պայմանագրից հանելու այն կետը, որը վերաբերում է իռլանդական սահմանին: Ֆրանսիայի կարծիքով՝ հոկտեմբերի 31-ից հետո կոշտ brexit-ը ամենահավանական սցենարն է Մեծ Բրիտանիայի համար:
Փոխանցում է euronews-ը: