22.08.2019 19:00

Դանիայում վրդովված են Դոնալդ Թրամփի այցը չեղարկելու կապակցությամբ

Դանիայում վրդովված են Դոնալդ Թրամփի այցը չեղարկելու կապակցությամբ

«Զարմացած ենք և հիասթափված». այսպես է արձագանքել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը չեղարկելու որոշման մասին լուրին:

Դոնալդ Թրամփը հետաձգել էր այցն այն բանից հետո, երբ նրա կես-կատակ առաջարկը՝ Գրենլանդիան գնելու վերաբերյալ, Կոպենհագենում արձագանքի չէր արժանացել:

«Մենք, նախկինի պես, լավ հարաբերություններ ունենք: Բնականաբար՝ Դանիան կշարունակի ԱՄՆ-ի հետ համագործակցելու և ընդհանուր խնդիրների համատեղ լուծման ուղիներ որոնելու հարցերի քննարկումը»,- ասել է Ֆրեդերիկսենը:

Իր հերթին՝ Թրամփը նրան շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նա «երկու երկրների համար հսկայական միջոցներ ու ծախսեր է տնտեսել»,և խոստացել է «երբևէ ապագայում նոր հանդիպում նշանակել»:

Դանիայում, սակայն, ոչ բոլորն են պատրաստ «սպասել և հուսալ»: Վրդովված պատգամավորները Թրամփին համեմատել են «երեսառած երեխայի» հետ:

««Եթե ինձ թույլ չեն տալիս գնել Գրենլանդիան, ապա ես ընդհանրապես չեմ գնա Դանիա»,- ասում է նա ու անհարմար դրության մեջ դնում ԱՄՆ-ը: Բայց մենք առանց նրա այցի էլ գլուխ կհանենք», հայտարարել է պատգամավոր Քրիստեն Հենգեն:

Փոխանցում է euronews-ը: