23.08.2019 11:04

Փոմփեոն փորձում է հարթել Գրենլանդիայի պատճառով ծագած կոնֆլիկտը Դանիայի հետ

Փոմփեոն փորձում է հարթել Գրենլանդիայի պատճառով ծագած կոնֆլիկտը Դանիայի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը չեղարկեց պետական այցը Կոպենհագեն, շնորհակալություն է հայտնել Դանիային ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար և նրան անվանել է Վաշինգտոնի դաշնակիցը:

Մինչդեռ Թրամփը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի արձագանքն անվանել է «քինոտ»՝ Գրենլանդիայի վաճառքի հարցն իր հետ քննարկելուց ծաղրական տոնով հրաժարվելու համար:

Գրենլանդիա կատարած այցի ժամանակ Մետտե Ֆրեդերիկսենը Գրենլանդիան գնելու՝ Թրամփի առաջարկն անվանել էր «անհեթեթ»՝ հավելելով, որ հուսով է՝ դա կատակով է արվել: Իր հերթին՝ Թրամփն ասել է, որ Ֆրեդերիկսենի հայտարարությունն անընդունելի է:

«Կարծում եմ՝ այդ հայտարարությունն անտեղի էր: Նա ընդամենը պետք է ասեր՝«Ոչ, դա մեզ չի հետաքրքրում»: Նա ինձ հետ չի խոսում: Նա խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Միացյալ Նահանգների հետ այդպես չեն խոսում, համենայն դեպս՝ իմ նախագահության օրոք»,- ասել է Թրամփը:

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդի հետ հեռախոսազրույցում Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը գնահատում է Դանիան՝ որպես դաշնակից, և այդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը:

Փոխանցում է BBC-ն: