23.08.2019 11:32

Արսեն Գրիգորյան. Ձեզ ո՞վ խնդրեց ասել ոչինչ

Արսեն Գրիգորյան. Ձեզ ո՞վ խնդրեց ասել ոչինչ

Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Արմեն Սարգսյանը հետեւողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Հետո, որպեսզի մի ամբողջ ազգ չընկնի «անգրագետ Պողոսի» օրը, աշխատակազմը շարունակում է. «Կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»»։  

Հա բայց էս ինչի՞ մասին էր։ Հիմա՝ այո՞, թե՞ ոչ։ Ամուլսարը շահագործել պե՞տք է, թե՞ պետք չէ։ Տուրի՞զմ, թե՞ արդյունաբերություն։ Բնապահպանությո՞ւն, թե՞ ոսկի։ Մաքուր օ՞դ, թե՞ հազար աշխատատեղ։ Ի վերջո՝ այո՞, թե՞ ոչ։ Ո՞վ է սրանից գլուխ հանելու։ Մարդը նախագահ է, անգլիական դիվանագիտություն է «կարդացել», թավշյա հեղափոխության ժամանակ անհասկանալի ոչ մի բառ չէր ասում, հիմա ասում է՝ պետք է հատուկ ջանքեր գործադրենք, որ բնությանը չվնասենք։ Այսինքն՝ արդեն գործարկել է Ամուլսարը։ Կամ չի գործարկել։ Մոտավորապես՝ իր քաղաքացիության պատմությունն է։ Մարդը քաղաքացիություն ունի։ Կամ չունի։ Էս հայտարարության մեջ ասում է՝ թեև իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքներին... Բա ինչո՞ւ եք ձեր  թեթեւ տեղը ծանրացնում։ Թե՞ չեք ծանրացնում։ Ձեզ ո՞վ խնդրեց ասել ոչինչ։ Թե՞ ոչինչ էլ չասացիք։ Դուք էս պահին բոլորովին ուրիշ հասարակություն ունեք։ Թե՞ չունեք։ Նրան որոշակիություն է պետք, Բաբլոյանի ականջը կանչի՝ այո՞, թե՞ ոչ։ Եթե հասարակությունը ցանկանար ոչինչ չլսել, հրեն՝ «անգրագետ Պողոսը» կա ու կա, իր տանը լռված է, ոչ մի բանի չի խառնվում։ Թե՞ խառնվում է։ Դուք դիրքորոշում հայտնելու հնարավորություն ունեք։ Թե՞ չունեք։

Հասկանում ենք, որ չեք կարող երկփեղկվել ժողովրդի ու իշխանության միջեւ։ Թե՞ կարող եք։ Չեք կարող նաեւ կողմերից մեկին ստորադասել մյուսին։ Թե՞ դա էլ եք կարող։ Գուցե սպասեիք՝ ջրերը պարզվեն։ Թե՞ կարիք չկա։ Հիմա մենք ի՞նչ անենք ձեր հայտարարության հետ։ Չանե՞նք։ Նույնիսկ ՀՅԴ-ն դրա տակ չի ստորագրի, որը հաճախ կողմ ըլլալով՝ դեմ կըլլա։ Էս հասարակությունը շունչը պահած սպասում է, որ հեսա-հեսա իրեն կօգնեն հասկանալ, թե ի վերջո շահագործվելո՞ւ է Ամուլսարի հանքը, թե՞ չի շահագործվելու, պե՞տք է, թե՞ պետք չէ շահագործել։ Հո հայտարարություն չէր։ Դիվանագիտական բառապաշարը հիմա Տրաֆալգարի վրա մի տեղ ողբում է։ Թե՞ չի ողբում։ Չէ, իսկապես, կարծես թե մարդը խոսում է էն մասին, որ հանքը պետք է շահագործել, բայց այնպես, որ բնությանը վնաս չտանք։ Թե՞ ուղիղ հակառակն է ասում։ Ո՞վ է հասկանում։ Արմեն Սարգսյանի ասածները մեկ ուրիշն էլ պիտի ասի։ Թե՞ պետք չէ, որ ասի։

Չէ, ընկերներ, բարդ դեպքի հետ գործ ունենք։ Թե՞ գործ չունենք։ «Անգրագետ Պողոսի» նման աջ քաշվենք ու տեսնենք, թե երբ է տեխնիկան մտնում Ամուլսար։ Կամ չի մտնում։ Մինչեւ Բաղրամյան 26-ում իմանան՝ ինչ են տարածում Արմեն Սարգսյանի անունից։ Կամ գուցե չիմանան։ Բոլոր դեպքերում՝ դա հայտարարություն չէր, այլ... Թե՞ հայտարարություն էր։