23.08.2019 13:42

6 օրից ՍԴ-ն կքննի՞ Քոչարյանի դիմումներից մեկը

6 օրից ՍԴ-ն կքննի՞ Քոչարյանի դիմումներից մեկը

Ինչպես հայտնի է, դեռեւս հունիսի 21-ին ՍԴ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշում էր.

«2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

2. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերն ընդունել քննության, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

3. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

4. «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»:

Դրանից որոշ ժամանակ անց՝ արդեն հուլիսի 18-ին, ՍԴ–ն որոշել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին, իսկ մինչև ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալը հիշյալ գործերի վարույթները կկասեցվեն:

Առաջին հայացքից՝ այս հայտարարությունից տպավորություն էր, թե Քոչարյանի գործով ԲՈԼՈՐ վարույթներն են կասեցվել, եւ ՍԴ-ն «պատահաբար» որոշել է դիմել միջազգային կառույցներին եւ ստանալ նրանց եզրակացությունը:

Իրականում, սակայն, ՍԴ-ն բոլոր վարույթները չէր կասեցրել, այլ միայն նրանք, որոնք վերաբերում էին 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին:

Այնինչ, ինչպես հայտնի է՝ Քոչարյանի պաշտպանները այլ դիմումներ էլ էին մուտքագրել ՍԴ, եւ դրանցից մեկով կա աշխատարակգային որոշում՝ գործն ընդունել քննության, եւ անգամ կա նիստի նշանակված օր՝ օգոստոսի 29-ին, եւ այդ դիմումի մասով վարույթը կասեցված չէ: Համենայնդեպս, ՍԴ կայքում այդ մասին որեւէ գրառում չկա: 

Այսպես, այս տարվա հունիսի 21-ին ՍԴ-ն հրապարակել է մի որոշում որտեղ գրված է.

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 10.00-ին:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերի` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել նշված օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»:

Այսինքն, Քոչարյանի պաշտպանների այս դիմումի առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ էր:

ՔԴՕ Հոդված 35-ը վերաբերվում է «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին», ՔԴՕ Հոդված 135-ը՝ «խափանման միջոց կիրառելու հիմքերին»:

Այս հոդվածներից եւ ոչ մեկը չի անդրադառնում չարչրկված «անձեռնմխելիության» հարցին, սակայն ակնհայտ է, որ հենց այս հոդվածներով դիմումը հենց այս հարցի «ծիրին մեջ» որոշում ստանալու համար է մուտքագրվել: Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները երկար ժամանակ բարձրաձայնում էին անձեռնմխելիության եւ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

Այսինքն, այս դիմումը փորձ էր ստեղծել առիթ, որպեսզի ՍԴ-ն հնարավորություն ունենա մեկնաբանել հոդվածներն այնպես, որ քրեական հետապնդումը անձեռնմխելության հիմքով դադարեցնելու մասին հիշատակման բացակայությունը օրենսգրքում դառնա քննարկման թեմա, եւ անձեռնմխելության հարցը նորից օրակարգ բերելու համար քոչարյանական փաստաբանական թիմի համար որոշակի հնարավորություններ ստեղծվեն:

iLur.am