26.08.2019 12:00

Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովում չի ցանկացել հանդիպել Զարիֆի հետ

Թրամփը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովում չի ցանկացել հանդիպել Զարիֆի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ներկայությանը ֆրանսիական Բիառիցում ընթացող G7-ի գագաթնաժողովում, սակայն չի ցանկացել հանդիպել նրա հետ:

Այդ մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է երկուշաբթի, գագաթնաժողովի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումից առաջ:

Թրամփը նշել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հարցրել է՝ արդյո՞ք Սպիտակ տան ղեկավարը հավանություն տալիս է Զարիֆի այցելությանը Բիառից:

«Ես տեղյակ էի այն ամենի մասին, ինչ նա անում էր»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, թե ներկա պահին «դեռ շատ շուտ է» Զարիֆի հետ հանդիպելու համար:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Իրանում վարչակարգի փոփոխության: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում այդ երկրին:

Փոխանցում է tass.ru-ն: