26.08.2019 17:36

Ամուլսար. Սերժ Սարգսյան. «Մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է սկսել գործարանի կառուցումը»

Ամուլսար. Սերժ Սարգսյան. «Մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է սկսել գործարանի կառուցումը»

Ամուլսարի հանքի շահագործման թեման վերջին շրջանում այնքան է թեժացել, որ հանքի շահագործումը թույլ չտալու համար անցկացվող արդար բողոքի մեջ ասես փորձում են սողոսկել նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, իսկ թեման էլ այնքան են փորձում լղոզել, որ ամբողջ խառնաշփոթում մոռացության մատնվի իրենց պատասխանատվության մասին:

Ընդ որում, խոսքը ոչ միայն, ասենք, Սերժ Սարգսյանի մասին է, այլեւ՝ նախկին վարչապետների, տարբեր նախարարների մասին:

Մենք արդեն հիշեցրել էինք այս հարցում նախկինում բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունները:

Այժմ ներկայացնենք նախկինում տեղի ունեցած ուշագրավ փաստեր՝ թեմայի հետ կապված:

***

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 16-ին ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին: Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը»:

16 Հունիս, 2015

***

«Մի հանգամանք ևս հնարավորություն է տալիս շատ լուրջ ազդելու մարզի տնտեսական զարգացման վրա: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքերի պաշարների շահագործման մասին է: Եվ չնայած արդեն երկար տարիներ՝ երևի 8-9 տարի, խոսում ենք այդ հանգամանքի մասին, և ոչ միայն խոսում ենք, այլ նաև մեծ աշխատանք է կատարվել միջազգային բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ, կարծում եմ, որ արդեն մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է 2016թ.-ի գարնանից սկսել գործարանի կառուցումը: Իսկ Վայոց ձորի համար դա նշանակում է հազարից ավելի լրացուցիչ աշխատատեղ, ինչը, կարծում եմ, նույնիսկ մի քիչ ավելին է լինելու, քան պահանջարկն է: Այս առումով, մարզպետը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն երկու կարևորագույն խնդիր՝ Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարների հետ միասին մշակել տուրիզմի զարգացման ժամանակակից և արդյունավետ ծրագիր: Երկու նախարարներն էլ տեղյակ են, կարող եք հենց վաղվանից այդ ուղղությամբ աշխատել: Եվ երկրորդ՝ մենք բնապահպանական փորձաքննությունների վրա, իրոք, երկար ժամանակ ենք աշխատել՝ գործարանի տեղի ընտրման համար բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան միջոցառումներ նախատեսելով՝ կապված հանքի շահագործման հետ: Մարզպետարանի և երեք համայնքների խնդիրն է՝ որևէ միլիմետր անգամ չզիջել բնապահպանական խնդիրներում, նախագծին համապատասխան, նորից եմ կրկնում, որևէ միլիմետր չզիջել, բայց փոխարենը՝ այս դիրքորոշումը փոխհատուցել մնացած բոլոր խնդիրների շատ արագ և որակով լուծելով բոլոր այն հարցերը, որոնք կապված են հանքավայրի շահագործման և գործարանի կառուցման հետ: Սրանք շատ կարևոր խնդիրներ են»:
Սերժ Սարգսյան 
Դեկտեմբեր 08, 2015

***

«Այդպիսին է նաեւ Ամուլսարի հանքագործական նախագիծը, որը եւս ունի երկարաժամկետ հեռանկար: Այն կսկսի ծավալվել 2016թ.: Շուրջ 370 մլն դոլարի այս ծրագիրը, որն ամբողջ կարողությամբ կսկսի գործել երկու տարվա ընթացքում, կապահովի ավելի քան 1500 աշխատատեղ: Վստահ եմ, որ նման ներդրումները դեռ ավելանալու են»:

Հատված Հովիկ Աբրահամյանի` «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ունեցած եզրափակիչ ելույթից

***

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ օգոստոսի 15-ին այցելել է «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիր: Միլսը, վարչապետը և էներգետիկայի նախարարը շրջայց են կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում ՝ «Լիդիանի» հայաստանյան մասնաճյուղ «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ, ով ներկայացրել է մանրամասներ պլանավորվող ներդրումների ու ծրագրի շինարարական ու գործառնական փուլերում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:
Այցի ընթացքում դեսպան Միլսը նշել է, որ այս հանքավայրի գործարկումը կարևոր տնտեսական հնարավորություն է Հայաստանի համար»:


17 օգոստոս, 2015

***

«Նյու Յորքում Սերժ Սարգսյանի և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիան»-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին: «Լիդիան Արմենիան»-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաև համայնքների և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, և որ Հայաստանը արտաքին ներդրումների համար բաց երկիր է»:

10 հոկտեմբեր, 2016

 

«Սերժ  Սարգսյանը սեպտեմբերի 4-ին փրկարարի օրվա առթիվ կազմակերպված տոնական շքերթի ժամանակ, ի թիվս այլ պարգևների, երախտագիտության մեդալներ և շնորհակալագրեր հանձնեց նաև Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության երեք աշխատակիցներին, ովքեր Արտավանում բռնկված հրդեհի ժամանակ ԱԻՆ փրկարարների հետ համատեղ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին և աչքի են ընկել իրենց արհեստավարժ ու անձնուրաց աշխատանքով»։ 

5 Սեպտեմբեր, 2017

***

«Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ,  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկրած ապրանքները երեք տարով ազատում է ավելացված արժեքի հարկից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է իրականացրել, ինչի հետևանքով հայտնաբերվել են ոսկու քվարցիտի հանքաղբյուրներ։

«Ընկերության նպատակն է ներդրումային ծրագրի շրջանակում կառուցել ու շահագործել Ամուլսարում ոսկու քվարցիտի հանքաղբյուրը: Շահագործման ընթացքում կստացվի մոտ 2 մլն ունցիա ոսկի և 3 մլն ունցիա արծաթ, որոնք ամբողջությամբ կարտահանվեն: Նախատեսվում են մոտ 179,4 մլրդ դրամի ներդրումներ, որոնցից 26,7 մլրդ դրամը՝ սարքավորումների համար», - ասաց նախարարը:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ՝ 525 հազար դրամ միջին աշխատավարձով»:

20 Ապրիլ, 2017

***

«Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ գործադիրի օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 179,4 մլրդ դրամի ներդրում շինարարության և սարքավորումների մասով։

«Սարքավորումների ներմուծումը կատարվում է փուլերով, և առաջին փուլով ներմուծվող սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել է մոտ 23,4 մլրդ դրամ, այժմ ընկերությունը նախատեսում է երկրորդ փուլով սարքավորումներ ներմուծել շուրջ 4,2 մլրդ դրամի չափով»,-  ասաց Կարայանը:

Ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 և 2019թ.-490 հազ. դրամ: «Լիդիան Արմենիա»-ի նպատակն է Ամուլսարի  ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։

7 Սեպտեմբեր, 2017

***

«Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:  

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը:

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները:

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին»:

11 Հոկտեմբեր, 2017

***

«Ինչ վերաբերում է կոմերցիոն շահերին և բնապահպանական հարցերին, ամբողջ աշխարհն առնչվում է դրանց հետ, և ամբողջ աշխարհում հանքարդյունաբերությունը զարգանում է` բնապահպանության նորմերը պահպանելով: Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային փորձագետների գնահատականներով մենք ներկայացնում ենք: Սա մեկ: 
Երկրորդը, մենք դարձել ենք EITI ակումբի անդամ, որը վերաբերում է հանքարդյունաբերությանը, և մենք որոշակի պարտավորություններ ենք վերցրել՝ այդ թվում բնապահպանական նորմերի հետ կապված: 
Երրորդը, ներդրողն իր վրա է վերցրել բեռ, որպեսզի բացի նրանից, ինչ-որ բնապահպանական նորմերը պահանջում են, կատարի, որոշակի քայլեր անի այն ուղղությամբ, որպեսզի բնապահպանները, ՀԿ-երը, բնակչությունը համապատասխան դժգոհության կամ կասկածների տեղ չունենան: Ես կարծում եմ, որ մենք այստեղ չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու»: 

Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ

Հունիս 23, 2017

Հ.Գ. Մի ուշագրավ դետալ եւս: 2013 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել էր, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Սարգսյանն այդ հավաստիացումն արել է քաղաքապետի՝ կառավարությանը ուղղած հարցմանն ի պատասխան:
Ուշագրավն այն էր, որ Սարգսյանն այս հավաստիացումն արել է այն ժամանակ, երբ մամուլում լուրեր էին շրջանառվում Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ այն ժամանակվա դեսպան Արմեն Սարգսյանի «վարչապետական» հավակնությունների մասին: