27.08.2019 12:00

Արսեն Գրիգորյան. Հարսնացուն կարող է դիմադրել

Արսեն Գրիգորյան. Հարսնացուն կարող է դիմադրել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իշխանությունները երբեմն, երկրի շահերից ելնելով, կարող են ընդունել որոշումներ, որոնք պոպուլյար չեն ու կարող են հանգեցնել վարկանիշի անկման։

Լավ է, երբ իշխանությունը սա գիտի որպես քաղաքագիտական նորմ, վատ է, երբ իշխանությունը սա գիտի որպես մխիթարանք։ Այո, իշխանության որոշումները կարող են նույնիսկ չընկալվել, «հարսնացուն կարող է դիմադրել», բայց փոքրիկ խնդիր կա։ Ընդհանրապես՝ ժողովրդավարությունը վերադարձրած երկրում ամենագեղեցիկ բանը իշխանության վարկանիշի անկումն է, որովհետեւ վերջապես գիտես, որ դա քո իշխանությունն է, վերջապես գիտես, որ դու էլ ես մասնակից ընդհանուր քաղաքական-հասարակական հոսանքներին, որոնք երկրում բան են փոխում առանց իրար «գլուխ ջարդելու»։ Սա հենց այն է, ինչն այնքան նյարդայնացնում է նախկին իշխանություններին։ Էլ «հրետանի» չմնաց, որ նրանք նետեն ասպարեզ՝ ջուրը պղտորելու համար։ Սակայն իշխանությունները պետք է զգուշանան։

Հեղափոխականության համը դեռ ժողովրդի բերանից դուրս չի եկել։ Չի կարելի միանգամից մի քանի ցավոտ հարց նետել ասպարեզ՝ Ամուլսար, սահմանադրական ճգնաժամ, գորգերի լվացում եւ այլն։ Ղարաբաղի հարցն էլ՝ ձեզ նվեր։ Չի կարելի լեգիտիմություն անվան տակ գնալ կատաղի մսխման ճանապարհով, որքան էլ վստահ ես քո իրավացիության մեջ։ Խնդիրն այստեղ քաղաքական կարճատեսությունը չէ, որքան այն, որ «թշնամին քնած չէ»։ Դու շարունակելու ես շախմատ խաղալ, իսկ նա առաջարկելու է իր բռնցքամարտը։ Դու ոսկե սարեր չես խոստացել ժողովրդին, սակայն հասկացնում ես, որ նրանից ոսկու սար է խլվելու։

Դու, իհարկե, չես կարող ժողովրդին ինչ-որ կերպ հասկացնել, որ «Լիդիանն» ի վիճակի չէ Ամուլսար շահագործելու, եւ բոլորից լավ գիտես, որ Ամուլսարը մնալու է սար։ Չես կարող։ Այսինքն, քո ազնվությունն այս փուլում միջազգային մանրադիտակի տակ է, եւ այն սխալ կմեկնաբանվի։ Սակայն երբ դուրս ես գալիս ժողովրդի մեջ, հիշիր, որ քո հակառակորդը միայն ժողովուրդը չէ, այլեւ ռեվանշիստը։ Նա է, որ ջուրը պղտորելու է։

Ինքնին հասկանալի է, որ այլ կերպ հնարավոր չէ։ Հնարավոր չէ ամբողջ ընթացքում մտածել ժողովրդականության պահպանման մասին։ Չնահանջող պոպուլիզմը պակաս փորձանք չէ։ Բայց սոցիալական վիճակի բարելավման առումով դու դեռ ժողովրդին հեղափոխական ոչինչ չես առաջարկել։ Սա էլ է հասկանալի։ Հասկանալի չէ, թե որն է քո իրավացիության ծանր հրետանին, երբ հայտարարում ես, որ նախորդ 20 տարում հանցավոր ռեժիմի թեթեւ ձեռքով երկրից 10 միլիարդ դոլար է դուրս բերվել, եւ վերադարձնելու՝ ոչ մի մեխանիզմ։ Առնվազն ժողովրդին հասկանալի չէ, թե ինչու ոչ մի նախկին բարձրաստիճան կոռուպցիոներ բանտում չէ։ Առայժմ ժողովուրդը ոչ թե համաձայն չէ ձեզ հետ, այլ համաձայն լինելու հենման կետ չունի։ Տվեք նրան այդ հենման կետը, դուք դա ունեք։