27.08.2019 22:34

Ալումյանի նոր հայտնությունը

Ալումյանի նոր հայտնությունը

Մենք մեզ համար հանգիստ նստած էինք, մեկ էլ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասուլիս հրավիրեց:

Տրամաբանությունը հուշում էր, որ ասուլիսի համար առիթը պիտի որ նորություն լիներ։ Բայց ոչ այս դեպքում: Ներկայացվեց ներքաղաքական զարգացումներում բանակի ներգրավման վերաբերյալ հերթական «ինտերպրետացիան»:

2018 թվականի ամառվանից հետո, այսինքն՝ այն պահից սկսած, ինչ Ռոբերտ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, Քոչարյանի փաստաբաններն այս թեմայով բոլոր հնարավոր տարբերակներն ու վարկածները ներկայացրել են: Այսօր ներկայացվեց հերթականը, այն է՝ ըստ Ալումյանի՝ Հայաստանյան օրենսդրությունը, իբրեւ թե, 2008 թվականի մարտի մեկի դրությամբ չի արգելել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին:

Եւ դա՝ ի հեճուկս այն պարզ իրողության եւ կարծես մոռացության մատնելով, որ հենց նույն Քոչարյանի կողմից 2005 թվականին փոփոխված Սահմանադրությամբ է դրվել բանակի ներգրավման հստակ արգելքը: Փոխարենը Ալումյանը այլ օրենքներ էր մեջբերում, հետո դրանք մեկնաբանում՝ փորձելով հենց իր մեկնաբանությունները ներկայացնել որպես բանակի ներգրավման օրենսդրական թույլտվություն:

Իսկ ընդհանրապես, այս հարցով քոչարյանական պաշտպանությունը մեկնաբանությունների մի հսկա խառնաշփոթ է ստեղծել . սկզբում՝ բանակը չի ներգրավվել ընդհանրապես, հետո՝ որ Քոչարյանն ընդհանրապես անձեռնմխելի է, հիմա էլ ահա, որ իբրեւ թե իրենք բանակն այնքան էլ չեն ներգրավել (մի քիչ)՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքը դա իրենց պաշտպանյալին թույլ էր տալիս:

Բայց եթե Ալումյանը ճիշտ է համարում իր, իր թիմակիցների ու իրենց պաշտպանյալի պնդումները՝ թե բանակը չի ներգրավվել, եւ եթե դա ճիշտ է, ուրեմն բուն  դատավարության ժամանակ հենց իրենց պնդումը պիտի ապացուցվի ցուցմունքների հրապարակման ժամանակ, ապա ո՞րն է այս նոր պնդման նպատակն ընդհանրապես: Ինչո՞ւ այդքան ժամանակ ծախսել, այլեւայլ օրենքներից ինչ-որ մեջբերումներ հավաքել մեկ տեղում, հետո դրանք երկար-բարակ մեկնաբանել՝ փորձելով հիմնավորել, որ բանակի ներգրավվածությունը իրականում օրենքով արգելված չէր:

Եթե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին Քոչարյանը իրոք բանակը չի ներգրավել, ինչպես պնդում է նրա պաշտպանությունը, ապա ի՞նչ իմաստ ունի պնդել կամ փորձել հիմնավորել, թե օրենքով նա դա կարող էր անել: Ի՞նչ իմաստ ունի այդ պարագայում սեւեռվել եւ փորձել օրենսդրորեն հիմնավորել մի արարքի չարգելվածությունը,  որը, նույն անձի պնդմամբ՝ չի կատարվել:

Այսինքն, հարցն այն չէ, որ Ալումյանի՝ «բանակը կարող էր ներգրավվել» պնդումը, որը ամբողջ ասուլիսի մեսիջն էր, իրավական առումով բացարձակապես սխալ է, հասկանալի չէ նաեւ այս նոր տակտիկայի ընտրության տրամաբանությունը:

Դա նույնն է, որ մեկին մեղադրանք առաջադրվի մարդասպանության համար: Նրա փաստաբանը հայտարարի, թե իր պաշտպանյանը որեւէ մեկին չի սպանել, ընդհանրապես մարդասպանության վայրում չի եղել, բայց դատարանում եւ իր բոլոր ելույթներում հայտարարի, թե ինքնապաշտպանության նպատակով թույլատրվում է մարդուն մահ պատճառել:

Հ.Գ. Մենք դեռ կանդրադառնանք ասուլիսում հնչած՝ Հայկ Ալումյանի մտքի մյուս «գոհարներին»:

Քրիստինե Խանումյան