28.08.2019 16:22

Աշոտ Սարգսյան. Ամուլսարի գործարքի կնքահայրերը Արմեն Սարգսանը եւ Սերժ Սարգսյանն են

Աշոտ Սարգսյան. Ամուլսարի գործարքի կնքահայրերը Արմեն Սարգսանը եւ Սերժ Սարգսյանն են

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

1. Ամուլսարի գործարքի կնքահայրերը Արմեն Սարգսանը եւ Սերժ Սարգսյանն են։ Երկուսն էլ, կոպտորեն խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, իշխանական դիրքը համատեղել են բիզնեսի հետ։ Ապօրինի բիզնեսով զբաղվող մարդիկ չեն կարող ունենալ բարոյական որեւէ արգելակ։ Սերժ Սարգսյանի դեպքում դրա ապացույցը նրա կառավարման ու թալանի 10 տարիներն են, Արմեն Սարգսյանի դեպքում՝ կեղծ փաստաթղթերով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը։ Կասկածից դուրս է, որ այս գործարքի հիմքում կոռուպցիոն սխեմա է դրված՝ հօգուտ անձանց բիզնես շահերի եւ ի վնաս, երկրի, մարդկանց ու բնության։
2. Չի հրապարակված կառավարության եւ «Լիդիանի» միջեւ կնքված պայմանագիրը, որում կարող են լինել կոռուպցիոն այդ սխեման մատնող պայմաններ։
3. Չկա վստահելի եւ հավատ ներշնչող փորձաքննություն։ Անգամ «Էլարդի» անվստահելի համարվող պաշտոնական փորձագիտական եզրակացությունը արձանագրում է փաստեր ու վտանգներ, որոնք արդեն կրկնակի բավարար են նման մի հանքավայրի շահագործումը միանշանակ արգելելու համար։
4. Ոչ մի կերպ չի կարելի սպասվող, հարյուրամյակներով չափող ոչ ֆինանսական վնասներին ու վտանգներին որպես հակակշիռ կամ հակափաստարկ դնել հանքի շահագործումից ակնկալվող տնտեսական օգուտները։ Ընդամենը տասը տարի բյուջե մտնելիք տարեկան 40-50 միլիոնը դոլարը կարող է արժենալ հարյուրավոր խեղանդամ ու հիվանդ ծնունդներ, հազարավոր կրճատված կյանքեր, խեղված ճակատագրեր։ Եւ ոչ միայն. հենց տնտեսական առումով, հաջորդ տասնամյակներում դրա բազմապատիկն է պահանջվելու արդեն լքված հանքավայրի չավարտված, շարունակական վտանգները մեղմելու համար։ (Հայաստանում ակնհայտ հանցվավոր ճանապարհով հարստացած առնվազն 100 մարդ կգտնվի, որոնք պատրաստ կլինեն 40-50 միլոն դոլար «նվիրել» բյուջեին (ինչպես դա արեց Սաշիկ Սարգսյանը)՝ իրենց հանգիստ թողնելու խոստման դիմաց։ Իսկ ընդհանրապես՝ ավազակապետության երկու տասնամյակում, ամենահամեստ հաշվարկներով, 40-50 միլիարդ դոլար թալանվածը ետ բերելու ռեսուրսի պայմաններում տեղին չէ խոսել 40-50 միլիոնի մասին ու մնալ դրա հույսին)։
5. Ճշմարտությունները թաքցնելու հետեւանքով ստեղծված անվստահության եւ վտանգի անխուսափելիության թանձրացած անհանգստության մթնոլորտը միայն բավարար է, որ հանքավայրի շահագործման որոշումից անմիջապես հետո արդեն, դեռ մինչեւ բուն վտանգների ու վնասների առարկայացումը, առողջարանային Ջերմուկ քաղաքը սկսի արագորեն կորցնել իր հաճախորդներին, իսկ վտանգի առաջնային թիրախ Վայոց Ձորից (ապա նաեւ մյուս տարածաշրջաններից) կտրուկ մեծանա արտագաղթը։
6. Հօգուտ հանքի շահագործման որոշման «արտաքին ճնշման» վկայակոչումը անընդունելի է եւ վիրավորական Հայաստանի ինքնիշխանության տեսակետից։ Խոսքն ընդամենը տնտեսական մի գործարքի մասին է, եւ որոշման ընդունումը Հայաստանի ներքին գործն է բացառապես։ Հայաստանը 90-ական թվականներին, եւ ոչ մեկ անգամ, «դրսի» հարյուրապատիկ մեծ, միջազգային ճնշումների է դիմակայել, եւ այն էլ՝ ոչ թե իր ներքին գործը հանդիսացող, այլ հենց միջազգային իրավունքին աղերսվող հարցերում։
7. Պետության սուբյեկտը քաղաքացին է. պետական մտածողությունը թելադրում է առաջին հերթին իր քաղաքացու կյանքի, առողջության, անվտանգության ու բարեկեցության ապահովում։ Օրինակարգ որեւէ իշխանություն պետք է բավարարի այս առաջնային պայմանին։ Առկա իրավիճակում այդ պայմանին կարող է բավարարել միայն Ամուլսարի հանքավայրի շահագործման արգելումը։