28.08.2019 19:00

Լիզա Ճաղարյան. «Հանք» են գտել քոչարյանական փաստաբանները

Լիզա Ճաղարյան. «Հանք» են գտել քոչարյանական փաստաբանները

Եթե փորձենք հպանցիկ գնահատել գլխավոր մեղադրյալի շահերի պաշտպան փաստաբանական խմբի ընդհանրական վարքագիծը, նախ՝ ստիպված ենք խոր կսկիծով նկատել, որ այս մարդիկ հիշողության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն։

Արխիվները քչփորելու կարիք չկա. ընդամենն արժե հիշել, որ պաշտպանների կուռ եւ ազդեցիկ խումբն սկզբում տաք-տաք պնդում էր, որ Հայոց բանակը Մարտի 1-2-ին չի մասնակցել ցուցարարներին ճնշելու գործողություններին, եւ քանի որ փաստերն անհերքելի են՝ հետագայում սկսեց «ապացուցել», որ Հայաստանի բանակը մտել է Երեւան, բայց Արցախից «մեկ զինվոր անգամ» չի մտել ՀՀ մայրաքաղաք։ Պարզվեց՝ Արցախի զորախմբի մուտքը Երեւան՝ նույնպես անհերքելի ճշմարտություն է, ու փաստաբանները մեկ էլ «պարզեցին», որ Արցախի սահմանները պաշտպանող տվյալ զինուժն ամենեւին էլ Արցախը չէր պաշտպանում, այդ սահմաններն Արցախի հետ կապ չունեն։

Ավաղ, այս «դարակազմիկ բացահայտումն» էլ պատին դեմ առավ։ Հիմա հասել են այն հանգրվանին, ըստ որի՝ բանակը մասնակցել է ցուցարարներին ճնշելու գործողություններին, որովհետեւ... իրավու՛նք ուներ մասնակցելու եւ ճնշելու, ՀՀ սահմանադրությունն ուշադիր կարդացեք ու կտեսնեք, որ իրավունք ուներ։

Մեզ տեսանելի եւ անտեսանելի փաստաբանների խումբը (ըստ պտտվող շշուկների՝ մի քանի տասնյակ են) փաստորեն վերջերս է կարդացել Սահմանադրությունը։ Ա՛յ, որ ավելի շուտ կարդացած լինեին, հենց էն գլխից կասեին, որ Քոչարյանն իրավունք ուներ Բանակը հանելու Հայաստանի անզեն քաղաքացիների դեմ, եւ անտեղի իրենց ծանր տեղը չէին թեթեւացնի ու կոկորդ չէին պատռի ապացուցելու համար անապացուցելին։

«ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Սահմանադրության 8.2 հոդվածով, որը գործել է այն ժամանակ, երբ Մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել, ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»,- վերջերս հրավիրած ասուլիսում լրագրողներին աչքալուսանք արեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «անվտանգությունը» բառին հաջորդած «փրկարար» ստորակետը գուրգուրելով:

Ես չեմ ուզում մտնել իրավական դաշտ, պարոն Ալումյանի ջանքերն օդում փուչիկի պես պայթեցնելու գործը նույնպես իրավաբանների գործն է։ Ես ընդամենը տարակուսանքս եմ հայտնում, թե ինչու էր մինչեւ հիմա պատեպատ զարկվում այս նույն փաստաբանը՝ ապացուցելու համար, որ Բանակը չի մասնակցել մարտիմեկյան գործողություններին, եթե կար ավելի կարճ ու «ազնիվ» ճանապարհ՝ Սահմանադրության համապատասխան հոդվածն ու ստորակետն էկրանին ցուցադրում ես, ցուցափայտը տանում-բերում ես մաշտոցյան հալալ-զուլալ տառերի վրայով, մի քանի անգամ այդ նույն ցուցափայտով կտկտացնում ես ստորակետի վրա ու վերջ՝ Քոչարյանն անմեղ է նորածին մանկան պես։

Երկու տարբերակ կա այս դեպքում. մեկն արդեն ասացի՝  Քոչարյանի փաստաբանական խումբը վերջերս է կարդացել Սահմանադրությունն ու հայտնագործել «փրկարար» տողը, մյուսն էլ դե՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «հանք» են գտել քոչարյանական փաստաբանները. ինչքան շատ ձգձգեն, էնքան շատ փող կաշխատեն, ի վերջո՝ ո՞վ չգիտի, որ Քոչարյանի ձեռը, մեղմ ասած, քարի տակ չի։

Երկրորդ ակնհայտ «հիվանդությունը», որ պատել է քոչարյանական փաստաբանական խմբին՝ նույնպես ակնհայտ է. սրանք առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրուարեւ չունեն՝ անելանելի իրավիճակներում փրկության օղակ է։ Իրենց պաշտպանյալին փրկելու համար եթե պետք է՝ փնովում են Առաջին նախագահին, ինչը զարմանալի չէ։ Զարմանալին ահա թե ինչն է. սրանք պատրաստ են իրենց պաշտպանյալի մղձավանջային անքնության հիմնական պատճառ Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ «արդարացնել»՝ հանուն գլխավոր մեղադրյալի։ «Արդարացումն» էլ սա է՝ 1996-ի նախագահական ընտրություններից հետո նույնպես զորք հանվեց ցուցարարների դեմ, նույնն արվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, եւ երկու դեպքում էլ, ըստ «մեծահոգի» Ալումյանի՝ Սահմանադրությունը չի խախտվել։

Թվում է՝ Տեր-Պետրոսյանի համակիրները պետք է երախտագիտության զգացումից հալվեն-մաշվեն, որ ահա՛ աննախանձելի իրավիճակում հայտնված պարոն Ալումյանն Առաջին նախագահի պաշտպանությունն էլ է առել իր գերհոգնած ուսերին, բայց հակառակի պես՝ այս ջանքերը հենց առաջին պահից միայն քմծիծաղ են հարուցում, որովհետեւ պարզից պարզ է՝ եթե 1996-ի իրադարձություններում մազաչափ անգամ հանցակազմ լիներ իշխանությունների գործողություններում, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի «հանցագործությունները» բացահայտելու համար մոլեռանդ հակաԼեւոնականների կազմով հանձնաժողով ստեղծած Քոչարյան Ռոբերտն առանց երկմտելու կվայելեր Առաջին նախագահին ամբաստանյալի կարգավիճակում տեսնելու գերագույն հաճույքը։

Չստացվեց։ Նույնիսկ հատիկ-հատիկ ընտրած հակաԼեւոնականները չկարողացան հանցակազմ գտնել անկախ Հայաստանի առաջին իշխանության առաջնորդի գործունեության մեջ։

Իսկ եթե որեւէ մեկը կշարունակի համառել, որ հանցակազմ կար, ուրեմն դրանից հետո պարտավոր է նաեւ ամբաստանյալ Քոչարյան Ռոբերտի դեմ եւս մեկ քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնել՝ հանցագործություն պարտակելու մեղադրանքով։

Չէ, փաստաբան Ալումյանը համամիտ է, որ 1996-ին հակասահմանադրական գործողություն չի կատարվել ցուցարարների նկատմամբ, եւ քանի որ համամիտ է, որոշել է մարտիմեկյան ոճրագործություններն էլ «սղացնել» այս նույն տրամաբանությամբ։

Արժե՞ հիշեցնել, հարգարժան պարոն Ալումյան, որ 1996-ին ցուցարարները ջարդեցին Ազգային ժողովի դարպասը, ներխուժեցին խորհրդարանի շենք, դաժանորեն ծեծեցին ԱԺ նախագահին ու փոխնախագահին, խորհրդարանի մատույցներում հաշվեհարդար տեսան իրենց ձեռքն ընկած պատգամավորների նկատմամբ, ջարդեցին-փշրեցին խորհրդարանի գույքը, եւ այդքանից հետո իրավապահները միայն օդ կրակեցին, եւ ոչ մի զոհ չունեցանք։ Էլ չասեմ, որ այդ հանցագործ խառնակչության կազմակերպիչ եւ վերջերս Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով «զոհի» կարգավիճակով «օծված» Վազգեն Մանուկյանը մեկ օր անգամ չազատազրկվեց։

Շարունակե՞մ հիշեցնել, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարարները խաղաղ քնած էին Ազատության հրապարակում, եւ օրեր շարունակ ցույցեր ու խաղաղ երթեր անող Հայաստանի քաղաքացիները գեթ մեկ անգամ չէին փորձել թեքվել դեպի «անձեռնմխելի» Բաղրամյան պողոտա, իսկ 0038 հրամանը փետրվարի 23-ին արդեն գրված ու ստորագրված էր Քոչարյան Ռոբերտի հրահանգով։ Եվ որ ցուցարարների խաղաղ ու քաղաքակիրթ պահվածքի քոչարյանական հակահարվածները գիշերային վայրագ հարձակումն էր քնած ցուցարարների վրա, հարյուրավոր ծեծված ու խոշտանգված քաղբանտարկյալներն էին, առնվազն տասն անմեղ զոհերն էին ու բազմաթիվ վիրավորները։

Պարոն Ալումյանին առաջարկում եմ նորից կարդալ Սահմանադրությունը եւ մի անգամ էլ ասուլիս հրավիրել ու մանրամասնել, թե 1996-ի ու 2008-ի դեպքերը նույնացնելու ու մեկ նժարի վրա դնելու իր ջանքերը հաստա՞տ իր պաշտպանյալին արդարացնելու միտում ունեն, թե՞ նման անիմաստ դեգերումների պատճառը կրկին էն «ոսկու հանքն» է, որի «պեղումները» վստահվել են Քոչարյանի «երջանիկ» փաստաբաններին։