28.08.2019 19:16

Քրիստինե Խանումյան. Մեղադրյալ են ու «անառողջ»

Քրիստինե Խանումյան. Մեղադրյալ են ու «անառողջ»

Հայաստանի հետհեղափոխական շրջանի իրավական զարգացումները մի ուշագրավ հանգամանք են ի հայտ բերել:

Բոլոր նախկին պաշտոնյաները, որոնց այս կամ այն մեղադրանքն է առաջադրվել, բոլորի փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալներն առողջական խնդիրներ ունեն, ու բոլորը կամ արդեն բուժում էին ստանում արտերկրում, կամ՝ պիտի բուժվեն արտերկրում:

Հասկանում եք, չէ՞. այդ մարդիկ տասնամյակներով իշխանության են եղել, իրենց կառավարման ձեւից, բովանդակությունից եւ եղանակից էր կախված այս կամ այն ոլորտի զարգացումը, եւ ահա այսօր պարզվում է, որ իրենց կառավարման արդյունքում եւ օրոք արմատացած առողջապահությունն ու առողջապահական ոլորտն իրենց համար վստահելի չեն:

Եւ սա այն դեպքում, երբ իրենց իշխանության օրոք նրանք գովում էին ու գովում, թե ինչպես են զարգացնում երկիրը, երկրի տնտեսությունը, թե ինչքան է լավանում կյանքը Հայաստանում՝ անշուշտ իրենց կառավարման շնորհիվ եւ արդյունքում, թե ինչպես են վագրային թռիչքներով առաջ անցնում հարեւաններից, նույնիսկ հարեւանների հարեւաններից. կարճ ասած, ծաղկուն երկիր էին կառուցում՝ իրենց ասելով:

Բայց ահա նրանց մեղադրանք է առաջադրվում, եւ բոլորն անխտիր փախչում են իրենց գովերգած առողջապահությունից եւ հանգրվանում են կամ ցանկանում են հանգրվանել արտասահմանյան առողջական հաստատություններում:

Լավ, բա այդ դեպքում հարց է ծագում՝ եթե ձեր օրոք ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ:

Եթե իսկապես զարգացրել եք առողջապահությունը Հայաստանում, ինչո՞ւ եք հիմա հերթով շտապում արտասահման:

Այսինքն, այդ անձինք իրենց այս վարքագծով կամ հաստատում են, որ իրենք իրականում ավերել են առողջապահության ոլորտը, եւ իրենք բոլորից լավ իմանալով, թե ինչն ինչպես են արել՝ խուսափում են հայտնվել իրենց «ծաղկեցրած» հիմնարկներում, կամ՝ արդարադատությունից խուսափող պարզագույն սիմուլյանտներ են, որ պարզապես փորձում են շահարկել վատառողջության պատրվակն ու խուսափել արդարադատությունից:

Որովհետեւ պաշտոնավարման տարիներին լավ էլ գերառողջ ձեւով եւ էներգիայով լեցուն թալանում էին երկիրը, բայց հենց գալիս է պատասխան տալու պահը՝ մեկ էլ բոլորը հիվանդանում են:

Իսկ ընդհանրապես, նախկինները, որոնք վստահ հայտարարում էին, թե տասնամյակներ շարունակ հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ճանապարհներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով՝ ՀՀԿ մայր գրասենյակի կողքով, այդուհանդերձ պիտի գոնե իրենք իրենց համար չբացառեին այն տարբերակը, որ գալու է իշխանությունից հեռանալու ժամանակը: Եւ գոնե հենց այդ հեռանկարի դրդմամբ՝ կարող էին բարելավել առողջապահության ոլորտն ու ՔԿՀ-ների վիճակը:

Այլ քաղաքացիների համար չեն արել, գոնե իրենց ապագայի մասին մտածեին: