29.08.2019 14:06

Արսեն Գրիգորյան. Քոչարյանին շտապ Աստված է պետք

Արսեն Գրիգորյան. Քոչարյանին շտապ Աստված է պետք

Ինձ թվում է՝ Ռոբերտ Քոչարյանից շատ՝ ոչ ոք հիմա չպետք է Աստծո կարիքն ունենար։ Իր հավատամքի Աստվածը՝ Չարի Աստվածը: Ասենք, այդ Աստված լիներ, ու պարզվեր, որ Հայաստանում ոչ ոք չգիտի, որ մարտի 1-ի գործում բանակ է ներգրավվել։ Կապ չունի՝ Հայաստանի բանակը, թե Լեռնային Ղարաբաղի։

Եթե այդ՝ իր հավատամքի Աստված լիներ ու մի  հարվածով քրեական գործից չեզոքացներ բոլոր էն վկաներին, որոնք պատմում են, թե ինչպես է ձեւավորվել 0038 հրամանը։ Միայն թե այդ Աստված լիներ։ Որովհետեւ աշխարհի բոլոր փաստաբաններն էլ մարդ են, ու նրանք չեն կարող գործից չեզոքացնել էն հանգամանքները, որոնք Քոչարյանին դարձնում են սահմանադրական կարգի վրա ձեռք բարձրացրած մարդ։

Մի այդպիսի Աստված լիներ ու երկրի երեսից վերացներ Համմեր մակնիշի բոլոր մեքենաները, որը, պարզվում է, նույնպես կա քրեական գործում։ Իշխանությունը հենց այդպիսի մեքենայով է պարգեւատրել Օգանովսկու դիպուկահարների խմբի մի ներկայացուցչի, որն իր «գործը» մարտի 1-ին լավ է արել, «պո ուստավու»։ Այնպես որ՝ միայն իր քրեական գործին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը կհամոզվի, որ իր հավատամքի Աստվածը չկա, եւ շատ իզուր։ Էս գործին շտապ մի այդպիսի Աստված է պետք։ Եվ դա, ինչ ուզում եք ասեք, չի կարող լինել Հրայր Թովմասյանը։ Հասկացանք, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իր համար որեւէ Աստված չկար, հասկացանք, որ էս մոլորակը 1998-2008 թվականներին նեղ էր էդ երկուսի համար, մեկը պիտի չլիներ։ Բայց հիմա շատ շտապ է պետք։

Եթե այդպիսի Աստված լիներ, մարդն այսօր ոչ Վենետիկի հանձնաժողովի, ոչ էլ ՄԻԵԴ-ի փորձագիտական եզրակացությունների կարիքը չէր ունենա։ Մի այդպիսի Աստվածն ի՞նչ է, որ չկա։ Իսկ խնդիրը հենց այն է, որ Աստված կա ճիշտ այն ժամանակ, երբ դու կարող ես մարդուն սպանել, ու չես սպանում։ Այսինքն, առնվազն գիտելիք ու մարդ լինել է պետք։

Եթե այն ժամանակ Քոչարյանը 0038 հրաման չարձակեր, ու մարտի 1-ին բանը չհասցներ 10 հոգու սպանությանը, այդ օրից մինչեւ հիմա բազմիցս համոզված կլիներ, որ Աստված կա, ու այն էլ՝ ոնց կա։ Իսկ եթե չես ուզում, չի լինում։

Դե հիմա գնացեք ու էդ մարդուն բացատրեք, որ պետք չէ, որ որեւէ մեկը լինի երկնքում, որպեսզի դու այստեղ ինչ-որ մեկի գլուխը չուտես։ Դու ինչ-որ մեկի գլուխը մի կեր, ու երկնքում որեւէ մեկը հաստատ կլինի։ Թեպետ, եթե մարդու գլուխը չես ուտում, որեւէ մեկը քո մեջ է, նա է, որ չի թողնում։ Թովմասյանի աճպարարությունները ՍԴ-ում հաստատ իրավիճակ չեն փրկի։ Մարդիկ ձեռքից բաց են թողել իրենց երազած Աստծո գոյությունը ու հիմա ուզում են ուրիշ մարդկանց միջոցով լրացնել այդ բացը։ Մարդիկ վիրտուոզ են դարձել, ասուլիս են հրավիրում ու ասում են, որ բանակն իրավունք ունի խառնվել ներքաղաքական գործերին։ Հա, ընկեր, քո ասածն է։ ՄԻ կեղծիր ընտրությունները ու բանակը Երեւանի կենտրոնում պահիր մինչեւ կյանքիդ վերջը։ Որովհետեւ հենց չկեղծեցիր, ուղղակի չես հասկանա, թե Երեւանի կենտրոնում բանակն ինչ է անում։

Այդպես էլ մարտի 1-ի գործն է. եթե սպանությունները չլինեին քո քավորությամբ, հիմա բոլ-բոլ աստվածներ կունենայիր, որոնք գուցե պարապ լինեին քո մեջ զուտ այն պատճառով, որ վատ ոչ մի բան չես արել։

Էնպես որ, իսկապես, պետք է մի բան մտածել, որ իր հավատամքի՝ Չարքի Աստված լինի։ Մենք էլ դեմ չենք տեսնել նրան։ Մեզ էլ է հետաքրքիր, թե ինքը ո՞նց դուրս կգա սրա տակից։ Հո մեզ չի ասելու՝ մեր Ռոբերտն է, ավել-պակաս կներեք։