29.08.2019 14:49

Գյումրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի. Արմենպրես

Գյումրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի. Արմենպրես

Կառավարությունը հավանություն է տվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագծին։

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և խթանել կայուն զարգացումը։

«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Խաչատրյանը։

Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա: Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ: