30.08.2019 15:06

Հակաքարոզչություն՝ առանց բարոյական սահմանների

Հակաքարոզչություն՝ առանց բարոյական սահմանների
Ծաղրանկարը՝ Charlie Hebdo-ի

Նախկին իշխանությունների (թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական) քարոզչական պահվածքն աբսուրդի է հասել:

Բնական է, իհարկե, որ ցանկացած քաղաքական ուժ, գործիչ, անձ, որեւէ մեկը՝ տեղավորվելով ընդդիմադիր դաշտում, պետք է առաջին հերթին թիրախավորի, նկատի իշխանության սխալները եւ քննադատի դրանք:

Բայց սրանք լիովին այլ կեցվածք են որդեգրել: Նրանց արածը լավին լավ, վատին վատ ասելը չէ, եւ կամ էլ՝ գոնե միայն վատին վատ ասելը:

Նրանց համար էական չէ, թե ինչ է անում իշխանությունը  կամ հայտարարում, իշխանության ցանկացած հայտարարություն կամ քայլ նրանք ուղղակի քննադատում են, ընդ որում՝ գռեհկագույն բառապաշարով, ոչ միայն ճիշտ որոշումները, այլեւ՝ այն հարցերում, որոնք առաջացրել են իրենք՝ իրենց իշխանության ժամանակ:

Օրինակ՝ Ամուլսարի հարցը, կամ Ստամբուլյան չարչրկված կոնվենցիան:

Վերջինիս, ինչպես հայտնի է, Հայաստանը միացել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք, եւ պարզապես չէր հասցրել վավերացնել այն, իսկ Ամուլսարի որոնողահետախուզական աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին: 2007 թվականից սկսած՝ հորատման աշխատանքներն իրականացվել են յուրաքանչյուր տարվա ամռան ամիսներին:

Այսինքն, Ամուլսարի պարագայում պատասխանատու է, փաստացի, ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը, այլեւ՝ նույնիսկ Քոչարյանի:

Բայց ի հեճուկս տրամաբանության՝ այդ երկուսի «աջակիցները» փորձում են տաքացնել իրենց ձեռքերը Ամուլսարի թեմայի վրա՝ ոչ միայն հայտարարելով, թե պետք է թույլ չտալ ներկայիս իշխանություններին շահագործել հանքը, դեռ որոշ դեպքերում անգամ փորձելով, հարցը շիկացնելով՝ տանել իշխանափոխության հարթություն՝ հնչեցնելով մտքեր, թե եթե Փաշինյանը թույլատրի շահագործել հանքը, ապա նա պետք է հեռանա եւ այլն:

Այսինքն, հասկանում եք, չէ՞, աբսուրդը ինչպես չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ. այդ մարդիկ այնքան են սեւեռվել «կապ չունի՝ ինչ, թեմա լինի՝ խփենք» մտքի վրա, որ իշխանություններին փորձում են հարվածել անգամ այն ամենի համար, որ հենց ԻՐԵՆՔ են արել ժամանակին:

Այո, գուցե իշխանությունները այդպիսի հարցերում արժանի են քննադատության, բայց ոչ այն պատճառով, ինչը մատնաշում են նախկիններրը, այլ այն պատճառով, որ այդ նախկիններից շատերն առայսօր պատասխանատվության չեն ենթարկվել ամեն օր ծագող այն խնդիրների համար, որոնք ստեղծվել են նախկինների օրոք:

Մի զարմանահրաշ հանգամանք եւս. նախկինների՝ ներկա իշխանությանը խփելու մոլուցքը հասել է այնտեղ, որ հիմա էլ, իրար հերթ չտալով, բողոքում են, թե ինչու են իշխանությունները որոշել պայքարել օրենքով գողերի եւ ընդհանրապես՝ գողական այդ արատավոր բարքերի դեմ:

Հասկանալի է, որ նախկինների մտադրությունն այստեղ այլ բան է. նրանք փորձում են խաղալ այն խավի վրա, որոնք «տուժելու են» իշխանությունների ցանկացած որոշման արդյունքում, եւ այդպիսով ստեղծել դժգոհության ալիք: Եւ ակնհայտ է, որ նախկիններն այս պարագայում փորձում են ընդամենը խաղալ գողական աշխարհի եւ նրանց հարող անձանց ուղղությամբ՝ կապ չունի՝ ով, հնարավորինս շատ դժգոհ մարդ մոբիլիզացնելու հույսով:

Ի դեպ, եթե նախկինների այս տրամաբանությանը նայենք, ապա չի բացառվում, որ նրանք մի օր էլ կհայտարարեն, թե իշխանությունները իրավունք չունեն պայքարելու անգամ մարդասպանների կամ այլ հանցագործների դեմ, որ դրանով դժգոհության մեծ ալիք կստեղծվի հանցագործների շրջանում, եւ որ մարդասպանները պետք է մոբիլիզացվեն իշխանության դեմ:

Գուցե այսօր այս միտքը դեռ մի քիչ աբսուրդային է հնչում, բայց ի՞նչ գիտենք, որ դա իրականություն չի դառնա վաղը, հաշվի առնելով, թե ինչպես են նախկինները այսօր լծվել գողական բարքերի պաշտպանությանը:

Իսկ ընդհանուր առմամբ, երբ դիտարկում են նախկինների քարոզչական վարքը, ակնհայտ է դառնում մի բան. այդ անձանց հակաքարոզչությունը բարոյական ոչ մի սահման չունի, նրանք ընդդիմություն են այնպես, ինչպիսին իշխանություն էին:

Պարգեւ Ապրեսյան