30.08.2019 22:15

Արսեն Գրիգորյան. Նախկիններին գործող իշխանությունների անհավասարակշռությունն է պետք

Արսեն Գրիգորյան. Նախկիններին գործող իշխանությունների անհավասարակշռությունն է պետք

Նախկիններն արդեն «ավետում» են «Իմ քայլը» խմբակցության տրոհումը: Նույնիսկ ժամկետ են ասում`այս տարվա դեկտեմբեր: Աստված նախկինների եւ «Իմ քայլի» հետ: Բայց առաջինների տակտիկան հետաքրքիր է`խցկվել այնտեղ, որտեղ իշխանությունն անզեն է: Նրանք այդ տակտիկան վերցնում են իրենց իշխանության օրոք դրսեւորված լրատվական խորամանկություններից: Այն ժամանակ ամեն ինչ այնքան փակ էր, որ լրագրողները հաճախ իրադարձությունը վերծանում էին իշխանավորի անզգույշ արտահայտությունից կամ պարզապես անվրեպ ենթադրություն էին անում: Իշխանությունը հերքում էր շատ արագ: Որովհետեւ բուրգը ցնցվում էր նույնիսկ ենթադրությունից:

Հիմա նման բան չկա: Իշխանությունը այնքան բաց է իր արարքներում, որ իրարից տարանջատվել են ենթադրություն անողն ու վերլուծաբանը: Հասկանալի է, թե նախկիններին ինչու է պետք այս տրոհումը: Նրանց բացարձակ մեծամասնությունից զրկվող խորհրդարան պետք չէ, նրանց պետք է «շունը տիրոջը չճանաչող» խորհրդարան: Որպեսզի սկսեն աշխատել արդեն «լոբբինգի» ճանապարհով: Իրենց անչափ պետք են «սորոսականները»: Նրանք հուսալի են թվում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի համար: Սա «քաղաքական» պայքարի նոր ձեռագիր է: Գործող իշխանությունն իսկապես չգիտի, թե ինչ ռեսուրս ունի միասնականության: Հեղափոխությունը կարծես թե ավարտվել է որպես պայքարի ձեւ, կարծես թե բոլոր իրերն անվանվել են իրենց անուններով ՍԴ-ից բացի: Ուրիշ ի՞նչ անեն: Գլոբալ առումով հասկանալի է, որ իշխանության հաջորդ քայլը տնտեսական նվաճումների ուղղությամբ աշխատելն է: Այդտեղ մեծ ձեռքբերումներից խոսել դեռ հնարավոր չէ: Եվ ահա մամուլ է սպրդում տակտիկական հաջորդ «սլիվը»`Փաշինյանը դեսպաններին «չորել է»: Իբր ինչու՞ ներդրումներ չեք բերում Հայաստան:

Նախկիններին շտապ գործող իշխանությունների անհավասարակշռությունն է պետք: Որպեսզի բոլորը հասկանան, որ իշխանությունն այդպիսի բան է: Որպեսզի ինչ-որ կերպ ուտվի Ռոբերտ Քոչարյանի անհավասարակշիռ կառավարումը: Եվ գրեթե անզեն աչքով է հասկանալի, թե ինչ ուղղությամբ է գնալու առաջիկա հակաքարոզչությունը`Նիկոլ Փաշինյանը պետք է երեւա բռնապետ: Այն, որ նրան սիրում են, բավականաչափ ցույց է տրվել: Հիմա այդ մարդը իշխանություն է, իսկ իշխանության հանդեպ սերն օրինաչափորեն պակասում է: Պակասում է, սակայն սիրո կարիքը մնում է: Փաշինյանն, ըստ նախկինների, սեր է պահանջում: Օրինակ, դեսպանները, ըստ մի հրապարակման, միայն այդպես են կարողացել կանխել Փաշինյանի բորբոքվածությունը: Հասկացա՞ք: Այսինքն, դեռ նախանձելու եք Սերժ Սարգսյանին, որը հավասարակշիռ էր: Հիմա տեսեք ինչ են ուզում անել`նախ Փաշինյանի միջոցով ինդուլգենցիա են ապահովում անհավասարակշիռ Քոչարյանի համար, եւ հետո նրա միջոցով «ծարավ» են առաջացնում Սերժ Սարգսյանի նման մի գործչի: Մնում է ասեն, թե ով է այդ գործիչը ու սկսեն հիմնական արարը:

Խորամա՞նկ են: Հազիվ թե: Որովհետեւ պարզ չէ, թե մեզ ինչի տեղ են դրել: Բայց իշխանությունը մտածելու բան ունի: Որովհետեւ քարոզչական այս մեխանիզմն արդեն կա: Իշխանությանը միայն Էդգար Առաքելյանի`պատգամավորական մանդատից հրաժարվելն էր պակասում: