02.09.2019 11:47

Այսօր ԼՂՀ անկախության օրն է

Այսօր ԼՂՀ անկախության օրն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Այդ հանրաքվեին մասնակցել են նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին:

Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: 

Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:

1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը: