02.09.2019 15:59

0038. Սեյրան Օհանյանի նոր վարկածը

0038. Սեյրան Օհանյանի նոր վարկածը

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը YerevanToday-ին տված հարցազրույցում ասել է, թե 2008 թվականի փետրվարի 23-ին 0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. «Առաջինն այն է, որ բանակը խառնվում էր ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ, իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին, հավաքվում էին տարբեր տեղեր, զենք էին կրում, պետության մեջ շարժվում էին, և այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը դրել է: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Այդ ցուցումը Ռոբերտ Քոչարյանը տվել է շուրջ 70 հոգու հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Հիմա փաստերը խեղաթյուրելն անընդունելի է»:

Հետաքրքիր է, որ մինչ այս Օհանյանը այլ դիտանկյունից էր մեկնաբանում 0038 հրամանը եւ այս վերջին՝ նոր տեսակետին կամ բացահայտմանը փաստացի հանգել էր միայն այս տարվա փետրվարից, երբ գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու համար, ի թիվս Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի եւ Միքայել Հարությունյանի, Մարտի 1-ի առանձնացված գործով այս տարվա հունվարին մեղադրանք է առաջադրվել նաեւ Սեյրան Օհանյանին:

Եւ այսպես, տեսնենք, թե ինչ էր նախկինում հայտարարում Օհանյանը 0038 հրամանի մասին:

2019, փետրվարի 15

«ԱԱԾ, ոստիկանության և այլոց տվյալներով, կային խմբեր, որոնք սադրելու, զենք հայթայթելու նպատակով պատրաստվում էին հարձակվել տարբեր զորամասերի վրա։ «Այն հույժ գաղտնի հրաման էր ոչ թե ինչ-որ բան թաքցնելու նպատակով, այլ որովհետև բանակում այդպես ընդունված է։ Հրամանը գրավոր է գրված, այսինքն՝ ոչ մեկից չէինք կարող թաքցնել, այն հասցված էր մոտ 1000 հոգու։ Եթե նպատակ լիներ ոչնչացնելու, 10 տարում այն կոչնչացվեր»:

2019, հունվարի 26

«Եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։

Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ, քաղաքակիրթ տարբերակով կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել:

Տարվա յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել, սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։

Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝ բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին են «թույլ տալիս» անցնել զորանոցային վիճակի։

Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե' զորանոցային վիճակի բերելիս, թե' տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել»։

2019, հունվարի 28

«Հրամանը իրադրության հետ որևիցե մի կապ չունի: Ես դա բացատրել եմ։ Ես ուզում եմ ասել հետևյալը, որ բանակը արտակարգ դրություն մտցնելուց հետո է խնդիր կատարել»:

 

Հատված Սեյրան Օհանյանի՝  ՀՔԾ-ում տված  ցուցմունքից

Պատասխան- Ես մեկ խորհրդակցություն եմ հիշում, որն անցկացվել է նախագահականում ՝ խորհրդակցությունների սենյակներից մեկում: Խորհրդակցությունն անցկացնում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա էին վարչապետը, նույն ինքը ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, ես, որքան հիշում եմ նախարարի տեղակալները, վարչությունների եւ առանձին բաժինների պետերը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ ԶՈՒ մարտունակության խնդիրները: Քանի որ այդ օրերին անհրաժեշտություն կար ԶՈՒ զգոնության բարձրացման եւ հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների,  գործողությունների հետ մղման հարցերը: Բոլոր հրահանգները եղել են ԶՈՒ մարտունակության եւ զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաեւ ՀՀ ՊՆ նախարարը ԶՈՒ ղեկավարությանն ու նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին:

Հարց - Նշված խորհրդակցությունում արդյոք քննարկվե՞լ են երկրում տիրող հետընտրական զարգացումների, ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հարցեր, եթե՝ այո, ապա այդ կապակցությամբ ո՞ւմ կողմից ինչ հանձնարարություններ են տրվել:

Պատասխան – Ես նման հարցեր չեմ հիշում: Հարցերը վերաբերել են միայն նշված իրավիճակում ԶՈՒ զգոնության եւ մարտունակության խնդիրներին:

Հարց - Նշված իրավիճակ ասելով՝ ինչ նկատի ունեք:

Պատասխան – Խոսքը վերաբերում է պետության կարեւոր միջոցառումների, այսինքն՝ ընտրությունների ժամանակ ԶՈՒ մարտունակության եւ զգոնության բարձրացմանը:

Հարց - 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին՝ դեռեւս փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում…ասացեք՝ արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահի կողմից հրավիրված ԶՈւ բարձրաստիճան  պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքո՞ւմ է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է թիվ 0038 հիշյալ հրամանը, ՀՀ ԶՈՒ բերվել են զորանոցային վիճակի, զինվել են տաբելային զենքերով ու սպասել հետագա կարգադրությունների:

Պատասխան - Ես չեմ հիշում՝ հրամանը խորհրդակցությունից առաջ, թե հետո է ձեւավորվել, որովհետեւ գոյություն ունի հրամանների ձեւավորման համապատասխան ընթացակարգեր: Ընթացակարգեր ասելով՝ նկատի ունեմ հրամանի ձեւավորման միտքը, համապատասխան ծառայությունների հետ քննարկումները, ժամկետները եւ վերջնական ձեւավորումը, որի համար տեւական ժամանակ է պետք: Ինքս ներկա եմ եղել խորհրդակցությանը, այն վերաբերել է զորքի մարտունակությանը, ինչպես նշել եմ նախորդ պատասխանում: 

Հ.Գ. Եւ ամենաուշագրավը, թեեւ հիմա Օհանյանը հայտարարում է, իբր թե, զորանոցներ գրավելու ինչ-որ մտադրությունների վերաբերյալ տեղեկությունների մասին, հիշեցնենք նրա ելույթը 2008 թվականի մարտի 2-ին, որտեղ նա չհավաքվելու կոչով դիմում է պարզապես քաղաքացիներին, սպառնալով՝ արժանացնել այդպիսի փորձերը զինված ուժերի կողմից կոշտ հակազդեցության:
«Դիմում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր Զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ՝ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը,  Հայաստանի Զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խնդրում եմ, մասնավորապես, զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզ և փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ Հայաստանի Զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:

Այսինքն, Օհանյանը բացահայտ սպառնում էր սովորական քաղաքացիներին, զգուշացնում՝ չհավաքվել անգամ փոքր խմբերով, եւ հիմա զարմանալի է, թե ինչպես են այս ամենի մեջ Օհանյանն ու մյուս մեղադրյալները ամեն օր կատարվածի վերաբերյալ նոր վարկածներ տեղավորում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մինչեւ հեղափոխությունը նախկին իշխանությունները ընդհանրապես հերքում էին այն, որ 0038 գաղտնի հրամանը որեւէ կապ ունի հետընտրական գործընթացների հետ, եւ վերաբերում էր բացառապես զորքի տեղաշարժին՝ հենց այնպես:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ զորամասերի վրա հնարավոր հարձակումների մասին վարկածը նոր է դրվել շրջանառության մեջ: Որովհետեւ, եթե իրոք ճշմարտություն լիներ, ապա դեռ 2008 թվականին եւ դրանից հետո գոնե մեկ հոգու այդ ամենի համար մեղադրանք կառաջադրվեր: Սակայն, ինչպես հայտնի է, նախկինում՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը, Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական եւ ոչ մի գործում ակնարկ անգամ չկա այն մասին, որ եղել են անձինք կամ խմբեր, որոնք նախապատարաստվել են հարձակումներ գործել զորամասերի վրա: