25.09.2012 01:38

Freedom House-ը հրապարակել է ինտերնետի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Freedom House-ը հրապարակել է ինտերնետի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2011-2012թթ. համացանցի ոլորտում ազատության վերաբերյալ իր զեկույցը: Ըստ 47 երկրներում իրականացված հետազոտության արդյունքում մշակված զեկույցի, ինտերետի ազատության մակարդակով առաջատար հնգյակում տեղ են գտել Էստոնիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Հունգարիան:

Վրաստանը եզրափակում է ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկը՝ 47 երկրների թվում զբաղեցնելով  14-րդ տեղը: Հետխորհրդային տարածքում ազատ է ճանաչվել  նաեւ ուկրաինական ինտերնետ-տարածությունը:

Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, համաձայն զեկույցի, համարվում են մասամբ ազատ երկրներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի պարագայում զեկույցը նկատում է, որ չնայած 2012-ին այդ երկրում նախատեսված երկու կարեւոր միջազգային իրադարձությունների՝ Եվրատեսիլի երգի մրցույթի եւ Ինտերնետի կառավարման ֆորումի անցկացման կապակցությամբ Ադրբեջանի կառավարությունը փորձում էր  ներկայանալ որպես ոլորտում տարածաշրջանային առաջատար, սակայն իրականում մի շարք վեբ-կայքեր մինչ օրս արգելափակված են:

Նշվում է նաեւ, որ  Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են ինտերնետ-ոլորտը հակակառավարական ցույցերը կանխելու նպատակով:

«Ադրբեջանի իշխանությունները ինտերնետ-սրճարանների ծառայություններից օգտվողների մասին տեղեկատվություն են հավաքում, կասկածելի մեղադրանքներով ձերբակալում են քաղաքականապես ակտիվ օգտատերերին, հետապնդում են նրանց  եւ նրանց ընտանիքների անդամներին», - ասվում է Freedom House-ի զեկույցում:

Նշենք, որ Հայաստանը ներառված չէ ուսումնասիրության մեջ, իսկ մեր մյուս հարեւան Իրանը եզրափակում է ցուցակը՝ ճանաչվելով ամենաանազատ ինտերնետ միջավայր ունեցող երկիրը: