04.09.2019 11:00

Լիզա Ճաղարյան. Ժամանակը ցույց կտա, թե ովքեր են վարչապետին թիկունքից խփողները

Լիզա Ճաղարյան. Ժամանակը ցույց կտա, թե ովքեր են վարչապետին թիկունքից խփողները

Պարզվում է՝ եթե քննադատում ես Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանը՝ աններելի դանդաղկոտության եւ անհիմն ինքնագոհության համար, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի թիկունքին ես խփում եւ թուլացնում վարչապետի դիրքերը։

Իսկ ես էլ «միամտորեն» կարծում էի ու հիմա էլ կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացնում են ԱԺ իմքայլականները (բացառություններ, անշուշտ, կան)։

Կամա թե ակամա՞ են թուլացնում՝ իմ պարզելիք խնդիրը չէ։

Ժամեր անց Սահմանադրական դատարանի ՀՀԿ-ական անդամները որոշելու են՝ կարդարացվի ու ազա՞տ կարձակվի «անմեղ» Ռոբերտ Քոչարյանը, թե՞ իր դատավճռին կսպասի բանտախցում։ Եվ այս «լավատեսական» իրավիճակում գերբնական ճիգեր են անհրաժեշտ չհիշելու համար այն օրը, երբ լրագրողի հարցին, թե ԱԺ իմքայլականները մտադի՞ր են անդրադառնալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի մասին հայտնի փաստաթղթին, եւ «Իմ քայլը» խմբակցության նախագահը եդեմական հանդարտությամբ աչքալուսանք արեց հանրությանը, որ իրենք՝ իմքայլականները, չեն շտապում։

Դե, չեք շտապում, ես էլ ազատ քաղաքացի եմ, ունեմ սեփական կարծիքս պնդելու իրավունք եւ պնդում եմ՝ պե՛տք է շտապեիք, պարտավո՛ր էիք շտապել, որովհետեւ ձեզ ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ ընտրողներից մեկն էլ ես եմ, եւ եթե ընտրել ենք ձե՛զ, ուրեմն հենց ձեզանից ենք ակնկալում այնպիսի պատգամավորական գործունեություն, որի շնորհիվ ավելի կամրանա Հայաստանի վարչապետի թիկունքը, ոչ թե օրեցօր ու ժամառժամ խոցելի կդառնա։

Ես չգիտեմ, թե «թավշյա» պատգամավորներից ո՛ր մեկը հետագայում որտեղ կգտնի իր «վաստակած հանգիստը», բայց գիտեմ, որ նախկինների սանձարձակ հարձակումները նոր կառավարության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի վրա՝ վաղուց հատել են թույլատրելիության բոլոր սահմանները, եւ եթե սրանց լկտի ռեւանշը հաջողություն գրանցի, տուժելու է պետությունը։

Հնարավո՞ր է՝ հենց ՀՀ վարչապետն է հորդորել իմքայլականներին, որ չշտապեն։ Հնարավոր է։

Իմքայլականներն անվերապահորեն ենթարկվու՞մ են վարչապետի հրահանգներին։ Կմտածեի՝ սա էլ է հնարավոր, եթե Ամուլսարի հանքի շահագործման եւ Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրների քննարկման ժամանակ իմքայլականների տեսակետները կտրուկ չբաժանվեին։

Կարո՞ղ եմ որպես Հայաստանի ազատ քաղաքացի ենթադրել, որ վերոնշյալ երկու խնդիրների դեպքում ոմանք խրոխտ «անձնազոհությամբ» հակադրվեցին կառավարությանը, որովհետեւ Ամուլսարն ու կոնվենցիան «անշառ» խնդիրներ են, իսկ Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհին «ծանր հետեւանքներով հղի» Քոչարյանն է կանգնած։

Իհարկե՝ կարող եմ։

Ինչն էլ անում եմ եւ շարունակում եմ պնդել, որ այսօր Սահմանադրական դատարանի որոշման պատասխանատվության բեռի առնվազն կեսը Ազգային ժողովի մեծամասնության ուսերին է։