04.09.2019 11:33

Ջոնսոնն ընդդեմ խորհրդարանի. brexit-ի համար «ճակատամարտն» սկսվեց

Ջոնսոնն ընդդեմ խորհրդարանի. brexit-ի համար «ճակատամարտն» սկսվեց

Երեքշաբթի Բրիտանիայի խորհրդարանը վերադարձավ արձակուրդից, և բրիտանական քաղաքականության մեջ ծավալվեց այնպիսի մի ճակատամարտ, ինչպիսին չէր եղել այդ երկրի նորագույն պատմության ընթացքում: Խորհրդարանն առաջին կարևոր քայլն արեց, որպեսզի վարչապետին թույլ չտա «կոշտ brexit»:

Ուշ երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ՝ 328-ը՝ ընդդեմ 301-ի, որոշում է կայացրել կառավարությունից վերցնել խորհրդարանի օրակարգը որոշելու իրավունքը: Դա ճանապարհ է բացում ընդունելու այնպիսի օրենք, որը կբացառի կտրուկ բաժանումը ԵՄ-ից: Այդ օրինագիծը խորհրդարանականները կքննարկեն այսօր:

Բորիս Ջոնսոնը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ եթե պատգամավորները քվեարկեն brexit-ը հետաձգելու օգտին, ապա ինքը արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ կներկայացնի:

Եվրամիությունից Բրիտանիայի ելքը նշանակված է հոկտեմբերի 31-ին: Եթե այս «ճակատամարտում» հաղթի պատգամավորական մեծամասնությունը, ապա brexit-ը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի, և Բրիտանիան կանցկացնի արտահերթ ընտրություններ  և, չի բացառվում՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ նոր հանրաքվե:

Եթե հաղթի Բորիս Ջոնսոնը, ապա հավանաբար՝ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից:

Փոխանցում է BBC-ն: