04.09.2019 12:21

Արսեն Գրիգորյան. «Անլռելի զանգակատունը»

Արսեն Գրիգորյան. «Անլռելի զանգակատունը»

Ի՞նչ է կատարվում այս օրերին։ Ամուլսարից սկսած՝ վարչապետն անպաշտպան է հակաքարոզչության դեմ։ Այս օրերին այդ հակաքարոզչությունը երկրորդ շնչառություն է ապրում։ Հակադարձող կարծես թե չկա։ Փեսայական քարոզչամեքենան այս օրերին գտել է իր իդեալական թիրախը՝ իշխանության ամենահեղինակավոր գործիչներից մեկին՝ առողջապահության նախարարին։ Հարվածները տեղում են բոլոր ուղղություններով։

Իշխանության անհոգությունն աչք է ծակում, նույնիսկ նախանձել կարելի է։ Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ ի՞նչ պիտի անի։ Փաստ է, որ հեղափոխությունը դուրս է մղվում մարդկանց սպասումներից, ինչպես ասում են՝ հեղափոխությունն արեցինք, ուրախացանք, պրծավ-գնաց։ Միշտ մտածել եմ՝ մարդ լեգիտիմ իշխանություն ունենար, տեսնեի՝ ո՞նց են քարկոծում նրան։ Բայց երբեք հարց չեմ դրել, թե քարկոծողներն ովքե՞ր են։

«Իմ քայլի» ներսում շունը տիրոջը չի ճանաչում։ Ով ինչքան ուժ ունի, ինչ-որ հարցում համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հետ։ Լավ, ի՞նչ անի Փաշինյանը։ Ես չգիտեմ, թե ինչքան փողի դիմաց են իշխանության վրա հարձակվում հակահեղափոխականները։ Բայց գիտեմ, որ նրանք, ովքեր ի զորու են պաշտպանել վարչապետին, փող չունեն։ Ֆինանսական ռեսուրսները հանքի հանածոյի նման անսպառ չեն։ Ահա ինչու հակառակորդները կարծես վերջին վճռական մենամարտի դուրս եկած լինեն։ Նույնիսկ մեռելներին են «հանել» գերեզմաններից։ Աստված գիտի, թե ովքեր են «հիմնավոր» հակափաստարկներով փորձում սեւացնել Փաշինյանին։ Ընդ որում՝ սրան միացել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հերոսներից մեկը։ Ես չգիտեմ՝ նրա հայտարարություններն այստեղ ըմբռնում գտնու՞մ են, թե՞ ոչ։

Վարչապետը պետք է անցնի ագրեսիվ ինքնապաշտպանության։ Ընդ որում, իբրեւ զենք՝ ԱՎԾ թվերը վերջինը պետք է լինեն։ Սոցիալական կտրուկ հաջողություններ չունեցած հասարակությունը էդ անհաջողության բացատրությունը ձերբակալություններով չի ընկալում, նա ասում է՝ մենք չենք հասկանում, թե ինչու լավ չենք ապրում։ Յուրաքանչյուր այդպիսի հուսահատության մոտ հերթապահում են նախկինների խոսափողները։ Նրանք ոչ միայն վտանգի հոտ են առնում, նրանք ուզում են վտանգ ստեղծել։

Փաշինյանը պիտի իմանա, որ երկրորդ շնչառությունը միշտ ավելի էնտուզիազմով է լծվում հակահարձակմանը։ Այդ հակաքարոզչության դիմադրության լուծումն այն է, որ նախկինների կառավարման եւ ապաբարոյական կերպարի մասին տեղեկությունների հոսքը պետք է ավելացվի։ Առ այսօր ձերբակալվածները սոսկ քավության նոխազի տպավորություն են թողնում։ Փաշինյանի կողմնակից լրատվամիջոցները նախկինների անպատասխանատվությունը չունեն, ինչպես եւ Փաշինյանն ինքը դա չունի զուտ այն պատճառով, որ իշխանություն է։ Նախկինները գողական աշխարհի տագնապախառը ձայնն էլ են խառնում իրենց հակաքարոզչությանը։ Հետեւաբար, երեք բան հստակ պետք է արվի՝ նախկինների մասին պատմող «արխիվների» բացում, համակիր մեդիայի աշխուժություն, որն այս պահին, համենայնդեպս, մեծ կրքով չի լծված գործող իշխանության իմիջի ներկայացմանը։ Եվ երրորդը՝ իշխանության մեջ «շունը տիրոջը» պիտի ճանաչի։

Բիրտ մեդիայի դեմ վարչապետի անձնական «լայվերը» լավագույն պատասխանը չեն ծավալված հակաքարոզչությանը։ Սերը եւ համերաշխությունը հասկացանք, բայց քո՝ իշխանության հանգստությունը մի տեսակ ուղիղ համեմատական է հակահեղափոխության ինտենսիվ հարձակումներին։ Որովհետեւ «սերը եւ համերաշխությունը» պաշտպանված են ժողովրդով։ Բայց դա էլ գին ունի, եթե նա, ով պետք է լռի ու մի կողմ քաշվի, չի լռում։ Էդ «անլռելի զանգակատանը» Փաշինյանը պետք է հակադարձի ավելի աղմկահարույց փաստերով, որոնք կխլացնեն հների ամպոտ ոտքերի շնորհանդեսը։