04.09.2019 12:58

Զելենսկի. «Սա խորհրդարան է, այլ ոչ թե հաճույքի վայր»

Զելենսկի. «Սա խորհրդարան է, այլ ոչ թե հաճույքի վայր»

Ուկրաինայի գերագույն ռադան վերջնական ընթերցմամբ ընդունել է պատգամավորներին քրեական անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը:

Այժմ ժողովրդի ընտրյալներին կարելի կլինի պատասխանատվության կանչել հանցագործության համար: Քաղաքական անձեռնմխելիությունը՝ քվեարկության և բանավեճերի ընթացքում ելույթների համար, մնում է:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս քայլը համարել է նշանակալի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում:

«Պատկերացրեք, եթե պատգամավորը մարդ է գցում մեքենայի տակ, կամ «տանիք» է կանգնում սաթի արդյունահանմանը, կամ ցանկացած այլ հանցանք է գործում, նա պետք է պատասխանատվություն կրի: Սա պետական իշխանության օրենսդրական մարմինն է, սա խորհրդարան է, այլ ոչ թե հաճույքի վայր, որտեղ հինգ տարի կարելի է թաքնվել ծածկի տակ»,- ասել է Զելենսկին:

Քննադատները խոսում են պատգամավորների «կոլեկտիվ ինքնասպանության» և ուկրաինական պառլամենտարիզմի անկախության ավարտի մասին: Նրանք օրինակ են բերում պատգամավորների անձեռնմխելիություն չունեցող այնպիսի երկրներ, ինչպես Թուրքիան կամ Նամիբիան:

«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցության պատգամավորներն ամբողջ կազմով չեն մասնակցել քվեարկությանը: Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է հավասարություն պահպանել իշխանության բոլոր ճյուղերի միջև, և եթե անձեռնմխելիությունը հանվում է, ապա դա պետք է արվի ոչ միայն պատգամավորների, այլև Գերագույն դատարանի դատավորների և երկրի նախագահի համար:

Փոխանցում է euronews-ը: