04.09.2019 17:01

Չերչիլի թոռանը հեռացրել են թորիների խմբակցությունից. նա չի ենթարկվել Ջոնսոնին

Չերչիլի թոռանը հեռացրել են թորիների խմբակցությունից. նա չի ենթարկվել Ջոնսոնին

Այն պահպանողական-պատգամավորները, ովքեր, հակառակ վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի՝ քվեարկել են բրիտանական խորհրդարանի օրակարգը փոխելու օգտին, հեռացվել են թորիների խորհրդարանական խմբակցությունից և չեն կարող կուսակցությունը ներկայացնել հաջորդ ընտրություններում, հաղորդել են վարչապետի գրասենյակից:

Երեքշաբթի ուշ երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել է չորեքշաբթի օրը խորհրդարանի աշխատանքի օրակարգը փոխելու օգտին և Համայնքների պալատին իրավունք է տվել քննարկելու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետը հետաձգելու օրինագիծը:

Բորիս Ջոնսոնը պատգամավորների կոչ էր արել դեմ քվեարկել: Պահպանողական կուսակցությունը իր անդամներին զգուշացրել էր, որ եթե նրանք չենթարկվեն կուսակցական կազմակերպիչներին և կողմ քվեարկեն օրակարգի փոփոխությանը, ապա նրանք կզրկվեն կուսակցությունը ներկայացնելու իրավունքից:

Հեռացված պատգամավորների թվում են՝ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, բրիտանական խորհրդարանի վետերան Քեն Քլարկը, ինչպես նաև Ֆիլիպ Հեմոնդը, որը եղել է արտաքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարը, իսկ Թերեզա Մեյի կառավարությունում զբաղեցնում էր գանձապետարանի կանցլերի պաշտոնը:

Ընդհանուր առմամբ՝ չորեքշաբթի օրակարգը փոխելու օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 21 պատգամավոր:

Փոխանցում է BBC-ն: