05.09.2019 13:16

720 մլն դրամ՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար

720 մլն դրամ՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել՝ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար:

«Ազատության» փոխանցմամբ, նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ գումարի չափը հաշվարկել են Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների հիման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ շեշտել՝ սա ոչ թե փոխհատուցում է զոհվածների հարազատներին և տուժածներին, այլ՝ աջակցություն:

Ըստ նախագծի՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։

Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն ընդունել է այս տարվա հունիսին: