05.09.2019 14:02

Բրազիլիայի ԱԳՆ-ն Բաչելետին խորհուրդ է տվել զբաղվել Վենեսուելայում հումանիտար ճգնաժամի հարցերով

Բրազիլիայի ԱԳՆ-ն Բաչելետին խորհուրդ է տվել զբաղվել Վենեսուելայում հումանիտար ճգնաժամի հարցերով

Բրազիլիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետին խորհուրդ է տվել զբաղվել Վենեսուելայում մարդասիրական ճգնաժամի հարցերով և ձեռնպահ մնալ խոշորագույն լատինաամերիկյան պետության վերաբերյալ անապացույց ենթադրություններ ու դատողություններ անելուց:

Ավելի վաղ Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ Բաչելետը, որը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ վերջին ամիսներին Բրազիլիայում նկատվում է «քաղաքացիական և դեմոկրատական տարածության նեղացում, ինչը դրսևորվում է  հարձակումներով մարդու իրավունքների պաշտպանների վրա, ինչպես նաև քաղաքացիական հանրության գործունեության սահմանափակումներով»:

Ի պատասխան՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նրան մեղադրել է երկրի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ: Նա ասել է. «Տիկին Միշել Բաչելետ, եթե Պինոչետի ծառայողները չլինեին, ով 1973 թ. ոչնչացրեց բոլոր ձախերին, այդ թվում նաև ձեր հորը, Չիլին այսօր Կուբա կլիներ»:

Չիլիի խորհրդարանը դատապարտել է Բրազիլիայի նախագահի այս հայտարարությունը՝ դրանք անվանելով վիրավորական: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան, որը նախկինում բազմիցս համերաշխություն է հայտնել Բոլսոնարուին, հիշեցրել է հարգանք դրսևորելու անհրաժեշտության մասին:

«Ես բացարձակապես համաձայն չեմ Չիլիի նախկին նախագահի հասցեին նախագահ Բոլսոնարուի ակնարկին, հատկապես այնպիսի ցավոտ հարցում, ինչպես նրա հոր մահն է»,- ասել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: