05.09.2019 14:22

Դոդոն. Մոլդովան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին

Դոդոն. Մոլդովան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ զրույցում հայտարարել է, որ երկրի չեզոք կարգավիճակը նրան թույլ չի տալիս որևէ ռազմական դաշինքի, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լինել:

Ընդ որում՝ նախագահը նշել է, որ Սահմանադրության մեջ ամրագրված՝ մշտական չեզոքության կարգավիճակը և կշռադատված արտաքին քաղաքականությունը շարունակում են մնալ Մոլդովայի իշխանությունների հիմնարար առաջնահերթությունը: Դա ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունքով բարիդրացիական հարաբերությունների ստեղծում միջազգային բոլոր գործընկերների հետ:

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունը չեզոք կարգավիճակ ունի, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում: Մոլդովայի մայրաքաղաքում գործում է Հյուսիսատլանտյան դաշինքի լրատվական կենտրոն: 2017 թ. դեկտեմբերին Քիշնևում բացվել է ՆԱՏՕ-ի հետ կապերի գրասենյակ: Դրա դեմ բազմիցս հանդես է եկել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Փոխանցում է ria.ru-ն: