Վախճանվել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

95 տարեկանում մահացել է ամենաականավոր քաղաքական երկարակյացներից մեկը՝ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:
Մուգաբեն իշխանությունից հեռացվել էր 2017 թ. նոյեմբերին, ռազմական հեղաշրջման արդյունքում, 37 տարի իշխանության ղեկին լինելուց հետո: Նա երկիրը ղեկավարել է, փաստորեն, 1980 թ. անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո:
Քաղաքական գործիչը հետագայում բռնապետի համբավ ձեռք բերեց:
2017 թ. նոյեմբերին, երբ Մուգաբեն աշխատանքից հեռացրեց փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, զինվորականները հանդես եկան այդ որոշման դեմ: Նրանք կալանքի տակ առան Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին: Ընդ որում՝ զինվորականները պնդում էին, որ հեղաշրջում չի կատարվել, և հայտարարում էին, որ Մուգաբեին և նրա հարազատներին ոչինչ չի սպառնում: Երկրի իշխող կուսակցությունը Մուգաբեին վերջնագիր ներկայացրեց՝ կամովին հեռանալ նախագահի պաշտոնից կամ դրանից զրկվել իմպիչմենտի արդյունքում: Սակայն նոյեմբերի 19-ին Մուգաբեն հանդես եկավ ուղերձով և հայտարարեց, որ մտադիր չէ լքել պաշտոնը: Եվ երկու օր անց խորհրդարանը ձեռնամուխ եղավ նրա իմպիչմենտի գործընթացին:
Փոխանցում է BBC-ն: