06.09.2019 14:27

ՄԱԿ. Հյուսիսային Կորեան փորձել է մաքսանենգ ճանապարհով օղի ներմուծել

ՄԱԿ. Հյուսիսային Կորեան փորձել է մաքսանենգ ճանապարհով օղի ներմուծել

ԿԺԴՀ-ն փորձել է, շրջանցելով միջազգային պատժամիջոցները, ապօրինի կերպով երկիր ներմուծել ավելի քան 100 հազար շիշ ռուսաստանյան և բելառուսական օղի:

Ինչպես ուրբաթ օրը փոխանցել է Yonhap գործակալությունը, այդ մասին զեկույցում տեղեկացրել են ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների հարցերով փորձագետները:

Նրանց տվյալներով՝ 2018 թ. նոյեմբերին կասեցվել է 15,6 հազար շիշ բելառուսական օղու ներմուծումը Հյուսիսային Կորեա՝ 14,1 հազար դոլար արժողությամբ, իսկ այս տարվա փետրվարին՝ 90 հազար շիշ ռուսաստանյան օղու ներմուծումը՝ 27,1 հազար դոլար արժողությամբ:

Ալկոհոլը պատկանում է շքեղության առարկաների կատեգորիային, որի ներմուծումը ԿԺԴՀ արգելվել է 2006 թ. հոկտեմբերին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 1718 բանաձևով՝ ի պատասխան այդ երկրի  անցկացրած առաջին միջուկային փորձարկման: Հետագայում արգելված ապրանքների ցանկը բազմիցս ընդլայնվել է, մասնավորապես՝ 2016 թ. մարտին այդ ցուցակում են ներգրավվել թանկարժեք ժամացույցները, հախճապակյա իրերը, ձնագնացներն ու զբոսանավերը:

Փոխանցում է tass.ru-ն: