06.09.2019 15:21

Արսեն Գրիգորյան. Խուճապահարվածողները

Արսեն Գրիգորյան. Խուճապահարվածողները

Քաղաքագետներից մեկը Հայաստանում քաղաքացիական պատերազմի նախանշաններ է տեսնում։ Նրա խոսքերը մեջբերել է քոչարյանական կայքերից մեկը։ Քաղաքագետը գրել է, որ «Նիկոլը քաղաքացիական պատերազմի է ընթացքը տանում»։  Նա նկատի ունի, որ սեւերն ու սպիտակները միմյանց դեմ են դուրս գալու։ Մեզ միայն այսպիսի կանխատեսումներն են պակասում։ Ագռավականչերը մեր իրականությունից անպակաս են հեղափոխության երեւի առաջին օրից։

Ի՞նչ են ուզում նախկինները։ Նրանք ուզում են խուճապ։ Հակաքարոզչությունն անհրաժեշտ է խուճապը սրելու համար։ Այս մարդիկ` նախկինները, մեջքներն արդեն ուղղել են։ Նրանք հիմա «դիլիմ-դիլիմ» վատատեսություն են բաժանում ժողովրդին։

Հների խորամանկությունն այն է, որ նրանք խմբավորում են համեմատաբար չեզոքների եւ նախկինների թունդ հակառակորդների ոչ նիկոլանպաստ մեկնաբանությունները։ Եվ դա անում են, բնականաբար, առանց սեփական մեկնաբանությունների։ Ի՞նչը մեկնաբանես, ամեն ինչ պարզ է, այս մարդիկ Նիկոլ Փաշինյանից սպասելիքներ չունեն։ Բայց ո՞ւմ բացատրես,  որ սոցիալական հարթակը «մի այլ ձեւ» տարբերվում է լրատվական ծառայությունից։ Այստեղ լրագրողի աշխատանքը չկա, եւ միշտ չէ, որ մարդիկ կուզեն, որ իրենց մտորումները տեղ գտնեն մի կայքում, որը նրանց դարձնում է  քոչարյանական, այսինքն՝ մի ճամբարի ներկայացուցիչ, որի դեմ պայքարել են։

Գրեթե ամեն օր մենք այդ լրատվամիջոցներում ականատես ենք ոչ նախկինների ճամբարում գտնվող մեկի ոչ այնքան նիկոլանպաստ գրառումներին։ Սա անմիջապես վաղվա համար չի արվում։ Սա ջրի կաթիլի նման մի օր գտնելու է իր քարը, որը պիտի ծակի։ Ամեն օր  «չարագուշակ» լուրերի մի խմբաքանակ, որոնք 99 տոկոս դեպքերում պարզապես սուտ են, նետվում են սոցցանցեր ու մեդիադաշտ։ Մանիպուլյացիա, և միայն։

Հասկանալի է, մարդիկ երկրի բյուջեն են ժամանակին տնօրինել եւ բավականաչափ գումար են քերել այդ բյուջեից։ Նրանք նախապաշարմունքներ չունեն։ Բայց ունեն մեթոդ։ Նրանք, ըստ էության, գործատու են։ Վարձով տրամադրություններ են ստեղծում։ Եվ ի՞նչ։ Դա անպտուղ գործ է։ Որովհետեւ նրանք առջեւից չեն քայլում։ Նրանք խոսափող չեն, դժգոհություն ունեցողները նրանց չեն դիմում, նրանց վերադարձը չեն երազում։ Հասկանո՞ւմ եք։ Նրանք պիտի ապավինեն ժողովրդի հիշողության բացակայությանը։ Բայց այդպես չի լինում։ Նախկինները ոչ մի շանս չունեն հենց միայն այն պատճառով, որ եթե ժողովուրդը լացելու միտք էլ ունենա, հաստատ իրենց կրծքին չի լացելու։