06.09.2019 16:05

Լիզա Ճաղարյան. Խառնամբոխն օրինականությունը «շփոթել է» վրեժխնդրության հետ

Լիզա Ճաղարյան. Խառնամբոխն օրինականությունը «շփոթել է» վրեժխնդրության հետ

«Վրեժ են լուծում, վենդետա է, վրեժխնդրություն է», - մինչ օրս աղաղակում են Ռոբերտ Քոչարյանի վայ աջակիցները։

Այսքանով չեն բավարարվում։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչներից ցանկացածի դուռը հենց բախում են իրավապահները, սրանց վարձկաններն սկսում են վրեժխնդրության հիմքեր պեղել ու թափ տալ հասարակության քթի տակ։

Է հա՛։

Ենթադրենք՝ վրեժխնդրությամբ ենք լցված ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ական բազմաթիվ հանցագործների նկատմամբ։ Հասարակության հոգում բուն դրած վրեժխնդրության զգացումը չեզոքացնու՞մ է ձեր «հերոսների» կատարած հանցագործությունները։

Ու՞մ նկատմամբ են մարդիկ «վրեժխնդրության» զգացում ունենում, որտեղի՞ց է ծնվում «վրեժ լուծելու» ցանկությունը։

Նման ցանկություն ծնվում է մարդասպանի նկատմամբ, որը խլել է վրեժ լուծելու ցանկություն ունեցողի սիրելի մերձավորի, հարազատի կյանքը, եւ վրեժի ցանկությունն ահագնանում է հատկապես այնպիսի մարդասպանի նկատմամբ, որն օրենքով չի դատապարտվել իր կատարած չարագործության համար։

«Վրեժի» ցանկություն է առաջանում այն մարդկանց հոգիներում, որոնց բիրտ ուժով դուրս են շպրտում իրենց տներից, վրեժխնդրության զգացումը մղկտացնում է այն մարդկանց սրտերը, որ հացի փող չունեին իրենց երեխաների քաղցը հագեցնելու համար, իսկ իրենց աչքերի առաջ հարյուրավոր անճոռնի դղյակներ էին վեր հառնում հենց այդ նույն կիսաքաղց մարդկանց երեխաների բերանից կտրած թալանի հաշվին։

«Վրեժի» ցանկությունը կարող է հանգիստ չտալ բազմաթիվ քաղաքական սպանությունների հետեւում սրա ու նրա երկար ականջները պարզորոշ տեսնելուց հետո այս նույն պատվիրատուների անպատիժ ու ամբարտավան գոյությունը։

«Վրեժի» ցանկություն կարող են ունենալ անմեղ դատապարտված քաղբանտարկյալներն ու նրանց ընտանիքները, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվածները, խաղաղ ցույցերի ժամանակ ծեծվողները, անհիմն հետապնդումներից խուսափելու համար երկիրը լքողները, միով բանիվ՝ պետություն ունենալու երազանքը սրտում փայփայողները, որ ամեն օր սարսափով տեսնում էին, թե ինչպես է իրենց սիրելի երկիրը պախանների «սխոդկայի» որջ դառնում։ Շարունակե՞մ, թե այսքանը բավարար է հասկանալու համար, որ վրեժի ցանկությունը ծնվում է պետությունը, օրինականությունը պաշտպանելու հաստատակամությունից ու արդարության զգացումից, եւ հազար անգամ փա՛ռք Հայաստանի քաղաքացիներին, որ չհավասարվեցին չարագործներին ու հեղափոխությունից հետո սրանց իսկ գործիքներով եւ մեթոդներով հաշվեհարդար չտեսան հետին թվով արդարադատությունից բարբաջող ռոբասերժական խառնամբոխի հետ։

Իր բազմաթիվ չարագործությունների համար քսան տարի շարունակ անպատիժ մնացած ու իր թալանը «հանգիստ խղճով» վայելած Ռոբերտ Քոչարյանը վրեժխնդրության թիրախ լինելու կատարյալ «նմուշ» էր մինչ բանտախցում հայտնվելը։

Լավ է, թե վատ, որ հանրության որոշակի հատվածի հոգիներում վրեժխնդրության ցանկությունն էր քլթքլթում՝ այլ հարց է, բայց Քոչարյանին օրենքով պատժված տեսնելու ցանկություն ունի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, եթե արժանապատվություն ունի, եթե քսան տարի ազատություն է երազել, եթե քիչ թե շատ գիտակցում է, թե ինչ ասել է՝ պետություն։

Քանի որ հիմա Քոչարյան Ռոբերտը բանտախցում է, մնաց՝ նրան արդար դատավճռով պատժված տեսնելու բնական ցանկությունը։ Դրա անունն էլ ուզում եք «վրեժխնդրություն» դրեք, ուզում եք՝ արդարադատության հաստատման բնական ցանկություն համարեք, ոչինչ չի փոխվում։

Էլ չասեմ՝ որքան շատ է ոչ անհայտ խառնամբոխն աղաղակում Քոչարյանի եւ նախկին իշխանության զանազան թալանչիների նկատմամբ վրեժխնդրության առկայության մասին, զուգահեռաբար ավելի ու ավելի է հաստատում, որ իրենց պաշտպանյալները բազմաթիվ հանցանքներ են գործել։

Սրանք վրեժխնդրությունն ու օրինականությունը նույնացնելու գործին են լծվել։ Սրանք հասարակությանը սեփական արշինով են չափում։ 20 տարի երկիրը հոշոտած, հազարավոր մարդկանց ճակատագրերը խեղած, բոլոր բարոյական արժեքները ոտնատակ տված, անմեղ ու ազատասեր քաղաքացիների արյունը հեղած, քաղաքական հակառակորդներին ու անցանկալիներին բանտարկած ու խոշտանգած «վոյիններին» օրենքով պատասխանատվության ենթարկելը սրանք համարում են վրեժխնդրություն, եւ սա իրենց չեղած բարոյական նկարագրի խնդիրն է։ Մեզ համար միակ «վրեժխնդրությունը» իսկեւիսկ այն է, որ մարդն իր գործած մեղքերի համար պատասխան տա օրենքի առաջ։

Ով ուզում է լինի։

Նույնիսկ՝ խառնամբոխի «հերոսը»։

Հատկապես՝ խառնամբոխի «հերոսը»։