25.09.2012 02:03

«Շախտյորից» կրած պարտությունը Սյոմինի համար ճակատագրական եղավ

«Շախտյորից» կրած պարտությունը Սյոմինի համար ճակատագրական եղավ

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը սեպտեմբերի 24-ին պաշտոնանկ է արվել: Պատճառը թիմի անբավարար արդյունքներն են: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն, որում կիեւցիները Յուրի Սյոմինին հաջողություն են մաղթել:

«Դինամո» Կիեւ ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Յուրի Սյոմինին եւ ամբողջ մարզչական շտաբին եւ հաջողություն մաղթում հետագա գործունեությունում: Այն մասին, թե ով կպատրաստի թիմին հաջորդ հանդիպումներին, լրացուցիչ կտեղեկացվի մոտ ժամանակներս»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
Ուշագրավ է, որ Յուրի Սյոմինը ռուսական Р-Спорт-ին տված հարցազրույցում նշել է, որ տեղյակ չէ իր պաշտոնանկության մասին: «Ես ոչինչ չգիտեմ: Հիմա իմ մոտ հանգստյան օր է եւ ես Մոսկվայում եմ: Ակումբի ղեկավարությունը այդ թեմայով ինձ հետ չի շփվել: Վաղը կգամ ակումբ եւ ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է ռուս մասնագետը:
Ամենայն հավանականությամբ, կիեւյան ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ «Դինամոն» սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի Գավաթի 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց իր ամենասկզբունքային մրցակցից` «Շախտյորից»: