09.09.2019 09:23

«Չելսիի» ֆուտբոլիստին դաժան ծեծի են ենթարկել

«Չելսիի» ֆուտբոլիստին դաժան ծեծի են ենթարկել

«Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը, որը վարձակալական հիմունքով հանդես է գալիս «Բերնլիի» կազմում, մանչեսթերյան բարերից մեկի դիմաց դաժան ծեծի է ենթարկվել՝ հաղորդում է The Sun-ը:

Ֆուտբոլիստին դուրս են հրավիրել գիշերային ակումբից, քանի որ նա հարբած փորձել է զրուցել «Սքանթորփ Յունայթեդի» ֆուտբոլիստ Կգոսի Նտլեի ընկերուհու հետ:

«Ինձ համար միևնույն է, ընկե՛ր, նա ինձ հետ իմ տուն պետք է գա»,- Դրինքուոթերն ասել է Նտլեին, երբ ֆուտբոլիստը պահանջել է հեռու մնալ իր ընկերուհուց: Բացի այդ, Դրինքուոթերը հարձակվել է այդ ֆուտբոլիստի վրա, որից հետո նախ՝ անվտանգության աշխատակիցներն են «հանգստացրել» անգլիացուն, ապա՝ 6 հոգի սկսել են ծեծել ֆուտբոլիստին:

«Նրանք շատ լավ գիտեին, որ Դրինքուոթերն ԱՊԼ-ի աստղերից է: Ամենուրեք արյուն էր, շատ զզվելի տեսարան էր»,- The Sun-ը մեջբերում է իր աղբյուրի խոսքը:

Հարձակման պատճառով ֆուտբոլիստը կոճի հոդի կապանների վնասվածք է ստացել, ինչպես նաև կապտուկներ կան ձեռքերին, աչքերին և ուսերին:

Ակնկալվում է, որ նա կապաքինվի մոտ 4 շաբաթից: