09.09.2019 17:06

Վենետիկի միջազգային կինոփառատոնը ավարտել է իր աշխատանքը

Վենետիկի միջազգային կինոփառատոնը ավարտել է իր աշխատանքը

Վենետիկում ավարտվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը:

Գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը», շնորհվել է ամերիկացի Թոդ Ֆիլիպսի «Ջոքեր» ֆիլմին: Ֆիլմի գլխավոր դերակատարը Խոակին Ֆենիքսն է:

«Իհարկե, այս ֆիլմը չէր լինի առանց խելահեղ Խոակին Ֆենիքսի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ինձ վստահեցիք ձեր աներևակայելի տաղանդները»,- ասել է ռեժիսորը:

86-ամյա Ռոման Պոլանսկու վերջին աշխատանքն արժանացել է «Արծաթե առյուծի» ժյուրիի գլխավոր մրցանակին: Մրցանակը հանձնվել է Պոլանսկու կնոջը: Ռեժիսորն ինքն անձամբ չի ժամանել Վենետիկ՝ ԱՄՆ-ին արտահանձնվելու սպառնալիքի պատճառով, որտեղ նա մեղադրվում է 1977 թ. անչափահասի բռնաբարության մեջ: Համաշխարհային կինեմատոգրաֆի դասականը ֆիլմ է նկարել Դրեյֆուսի՝ ֆրանսիացի հրեա սպայի աղմկալի գործի մասին, որին 19-րդ դարավերջին մեղադրել էին Գերմանիայի օգտին լրտեսության մեջ, ապա արդարացրել էին:

Լավագույն ռեժիսուրայի անվանակարգում «Արծաթե առյուծը» շնորհվել է շվեդ Ռոյ Անդերսոնին՝ «Անվերջության մասին» ֆիլմի համար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել ֆրանսուհի Արիան Ասկարիդը, որը գլխավոր դերն է կատարում ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Աղոթք՝ հանուն Աստծո» սոցիալական դրամայում:

Լավագույն դերասանը իտալացի Լուկա Մարինելլին է՝ Ջեք Լոնդոնի վեպի հիման վրա  Պյետրո Մարչելլոյի նկարահանած «Մարտին Իդեն» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:

Փոխանցում է euronews-ը: