09.09.2019 17:44

Ամուլսարի սխալը

Ամուլսարի սխալը

Ամուլսարն անցյալ իշխանությունից մնացած լրջագույն խնդիր-ժառանգություններից մեկն է, որը իշխանությունը այս կամ այն կերպ պիտի լուծեր: Ընդ որում, ակնհայտ էր, որ հարցի լուծումը քաղաքական կամքի հետ է կապված, որքան էլ որ խնդրի բովանդակությունը բնապահպանական լիներ: Ուստի, ակնհայտ էր, որ հնարավոր չէր լինելու գտնել այնպիսի լուծում, որից բոլորը գոհ կլինեին, եւ որ ամենակարեւորը՝ չկար այնպիսի լուծում, որից Հայաստանը ընդհանրապես չէր տուժի:

Երկարատեւ տարատեսակ հայտարարություններից  հետո այսօր վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ուղիղ եթերով, որից կարծես պարզ է դառնում, որ հանքի շահագործումը թույլատրվելու է:

Բայց իշխանության կողմ կամ դեմ լինելը շահագործմանը ամենամեծ խնդիրը չէր: Ամուլսարի հարցում իշխանության սխալը ոչ այնքան տեսակետի բովանդակությունն է, որքան վարքը:

Հասկանալի կլիներ, եթե իշխանությունը ի սկզբանե հայտարարեր, թե քանի որ գործընթացը անցել է անդառնալիության կետը, շահագործումը չի խոչընդոտվելու: Հայտարարեր ուղիղ ու միանգամից, առանց այլեւայլությունների: Կրկնում եմ, հարցը այս մոտեցման բովանդակությունը չէ, դրա ճիշտ կամ սխալ լինելը:

Հասկանալի կլիներ նաեւ, եթե իշխանությունը նորից ուղիղ եւ ի սկզբանե հայտարարեր, թե անկախ այն հանգամանքից, որ շահագործման արգելքը հղի կլինի բազմաթիվ տնտեսական հետեւանքներով, իշխանությունը, հայցելով քաղաքացիների աջակցությունն ու ըմբռնումը՝ գործընթացը կասեցնում է:

Երկու պարագայում էլ դիրքորոշումները հասկանալի կլինեին, որովհետեւ բոլորին էլ պարզ է, որ Ամուլսարի հարցը վաղուց դուրս է եկել բնապահպանական եւ տնտեսական հարթակներից եւ այժմ բացառապես քաղաքական հարց է:

Իշխանությունները, սակայն, հարցը ձգեցին երկար՝ այդ ընթացքում բավականին հակասական հայտարարություններ եւ գործողություններ անելով, այդ հայտարարություններով մերթ «կողմ»-երին, եւ մերթ »դեմ»-երին հույսեր տալով ու ներշնչելով, այդպիսով ստեղծելով արհեստական սպասման դաշտ եւ, հետեւաբար՝ մեծ լարվածություն: Ավելի մեծ լարվածություն, քան դա կարող էր լինել, եթե ի սկզբանե հստակ տեսակետ հայտնվեր, եւ որ ամենակարեւորն է՝ լիներ հստակ հետեւողականություն՝ հնչեցված դիրքորոշման իրագործման հարցում:

Փոխարենը առաջ բերվեցին բազմաթիվ «եթե»-ներ՝ «եթե հանկարծ», «եթե պարզվի», եւ այլն:  Սա հնարավորություն տվեց ոչ միայն նախկինում էլ հանքի բացմանը դեմ հանդես եկողներին, այլեւ իշխանության քաղաքական հակառակորդներին (անգամ նրանց, ովքեր նախկինում առնչություն են ունեցել հանքի շահագործման հարցին) հարմարավետ դիրքավորվել եւ հարցը բերել իշխանության կոմպետենտության, քաղաքական պատասխանատվության եւ, որ ամենակարեւորն է՝ անգամ լինել-չլինելու դաշտ:

Այսօր, ի տարբերություն 2018-ի՝ անմիջապես հետհեղափոխական ժամանակահատվածի, Ամուլսարի հարցը վերածվել է Ռուբիկոնի, հարցը թեժացել է այնքան, որ դրա հետ կապված ցանկացած լուծում հիմա ունենալու է շատ ավելի լուրջ հետեւանքներ, քան կարող էր ունենալ մեկ տարի առաջ: Ընդ որում, հետեւանքներ ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ իշխանության համար: Եւ որքան էլ ցավալի ու տարօրինակ է՝ դրա պատասխանատուն ու մեղավորը հենց իրենք՝ իշխանություններն են:

Եւ ի վերջո, չեն վերացել այն կասկածները, որ Ամուլսարի շուրջ այս թնջուկի հեղինակը նախագահ Արմեն Սարգսյանն է, եւ իշխանությունները պարտավոր էին անեղծորեն հասարակությանը ներկայացնել, թե ինչ դերակատարություն է ունեցել Սարգսյանն այս հարցում:

Քրիստինե Խանումյան