10.09.2019 13:06

Արսեն Գրիգորյան. Իշխանությունը ժողովուրդն է, տղերք

Արսեն Գրիգորյան. Իշխանությունը ժողովուրդն է, տղերք

Դատախազությունը երեկ տեղեկացրել է՝ ՍԴ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար հիմքեր չկան։

Առաջին հայացքից՝ ուրախանալու հրաշալի ազդակ է՝ լավ պրծանք։ Բայց խնդիր կա․ այս որոշումը սեպտեմբերի 12-ին դրվելու է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի առաջ։ Իսկ մենք արդարադատություն ունե՞նք։ Դատախազության ասելով չի, չէ՞։

Արժեր՝ դատավորների հարցն ավելի շուտ լուծված լիներ։ Ասենք, դատական բոլոր գործերի մորատորիում էինք հայտարարում մի երեք ամսով, իրականացնում նոր դատավորների ընտրություն, հետո անցնում բոլոր գործերի քննությանը։ Դա չափազանց կարեւոր է, որովհետեւ դատարաններն, այնուամենայնիվ, նոր Հայաստան չեն մտել, անցումային արդարադատություն չի իրականացվել։ Դատախազությունը գուցե լավատեսության հիմքեր ունի, գուցե նա գիտի կարդալ ՍԴ որոշումը, բայց նա միակ դատական մարմինը չէ, որ կարդալ գիտի։ Թշնամին չի քնում։ Թշնամին աղմկել գիտի։ Թշնամին գիտի մանիպուլացնել։ Իսկ մեր դատավորները գիտեն հենվել հենց թշնամուն։ Նրանք ինքնապաշտպանական սուր բնազդ ունեն։ Ինչպես դա ունեն ՍԴ այն անդամները, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող այդ որոշումը հեղինակեցին։

Իհարկե, վերջին խոսքն, ըստ էության, ժողովրդինն է, որովհետեւ ինքնին ՍԴ գոյություն չունի, գոյություն չունեն ինքնին ընդհանուր իրավասության դատարաններ։ Դրանք Ամուլսար չեն, որն ինքնին կա՝ առանց որեւէ մեկի միջամտության։ Այ, միջամտությամբ կարող է գոյություն չունենալ։ Իսկ դատարանները՝ ՍԴ կամ ընդհանուր իրավասության կամ Վերաքննիչ եւ կամ Վճռաբեկ, կան հենց ժողովրդի համար։ Գիտե՞ն սրա մասին դատավորները։ Իհարկե գիտեն։ Բայց նրանք նաեւ գիտեն, որ չեն ներկայացնում նոր Հայաստանի պահանջները, գիտեն, որ իրենք այդ Հայաստանի ընթացքի հակառակ ուղղությունն են բռնել։ Ուրեմն, պետք էր դադարեցնել նրանց գործունեությունը, ժողովուրդը դա կհասկանար, ժողովուրդը դա կողջուներ։ Որովհետեւ գլխավոր մարտահրավերը Քոչարյանին ազատ արձակելու ուրվականն է։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այդ իմաստով ոչ մի կասկած չլիներ։ Բայց խնդիրն այն է, որ մենք այդ ազատ արձակումը երկու անգամ արդեն տեսել ենք։ Դա անցումային արդարադատություն չտեսած դատավորի որոշումն է եղել։ Դեռ մի հատ էլ կուրծք են ծեծում, թե՝ գիտե՞ք ինչ, մենք անկախ ենք հենց թեկուզ նրանով, որ կայացրել ենք իշխանության ցանկությանը հակառակ որոշում։

Իշխանությունը ժողովուրդն է, տղերք։ Դուք ինչպե՞ս եք կայացրել «իշխանության ցանկությանը հակառակ որոշում»։ Քոչարյանը պիտի ազատության երես չտեսնի, որովհետեւ մարդիկ են եղել, որոնք հենց նրա կառավարման մեթոդի շնորհիվ նույնիսկ անազատությունը չտեսան, ուղղակի սպանվեցին։ Քոչարյանը պիտի նստի, որովհետեւ ինքը անօրենությունն է մարմնավորել, իսկ դրա համար հեչ պետք չէր նախագահ լինել։ Դատախազությունը սրա «աչքալուսանքն» արդեն մեզ տվել է, բայց նա ՍԴ ո՞ր որոշումը նկատի ունի։ Ճիշտ է՝ Հրայր Թովմասյանի հրապարակած որոշումը։ Իսկ մենք կարո՞ղ ենք այդ որոշման հրապարակումից հետո գլուխներս հանգիստ դնել բարձին, թե՞ պետք է նկատի ունենանք, թե ով է այդ որոշման հեղինակը, եւ ովքեր պիտի այն ի կատար ածեն։ Դա որոշում չէր, այլ ազդանշան՝ ուղղված դատավորներին, որ «ձեզ համար էնտեղ մի կարեւոր մեսիջ եմ դրել՝ 35-րդ հոդվածի ոչ սահմանադրականությունը»։ Ուստի դատախազությունը պետք է գլխով կանխի հրայրական այս կիսաորոշման ականների պայթյունը դատարանի դահլիճում։

Եվ քանի որ դատարաններն, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների ձեւավորածն են, արժե նրանց հասկացնել, որ Քոչարյանի նստելն, անկասկած, քրեական մեղադրանքի արդյունք է, ազատ արձակելը դատարանին կդարձնի քաղաքական մարմին, որը բացառելու համար մարդիկ անցյալ տարի փողոց դուրս եկան։ Սպասենք։