10.09.2019 13:26

Հոնկոնգի ղեկավարը դատապարտել է ԱՄՆ-ի միջամտության փորձերը

Հոնկոնգի ղեկավարը դատապարտել է ԱՄՆ-ի միջամտության փորձերը

Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերի Լամը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի ներքին գործերին և առաջ մղի Հոնկոնգում մարդու իրավունքների և դեմոկրատիայի վերաբերյալ օրենքը։ Այդ մասին Լամը հայտարարել է երեքշաբթի մամուլի ասուլիսում։

«Հոնկոնգի ներքին գործերին միջամտությունը բացարձակապես ավելորդ է»,- ընդգծել է նա։

Անցյալ կիրակի հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ, ամերիկյան դրոշները ձեռքներին, հավաքվել են Հոնկոնգում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։ Ցուցարարները ԱՄՆ դիվանագետներին են հանձնել հանրագիր, որով Սպիտակ տանը կոչ է արվում պաշտպանել ցուցարարների պահանջները և հատուկ օրենսդրական ակտ կայացնել՝ ՉԺՀ-ի և Հոնկոնգի կառավարությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով, որպեսզի այդ  ինքնավար տարածքում  ապահովվեն դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները։

Զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն երեք ամիս։

Փոխանցում է tass.ru-ն։