10.09.2019 13:50

Ջոնսոնը հերթական պարտությունն է կրել խորհրդարանում

Ջոնսոնը հերթական պարտությունն է կրել խորհրդարանում

Բրիտանացի պատգամավորները ևս մեկ անգամ մերժել են հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը։

Քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը, վարչապետ Բորիս Ջոնսոնի այդ առաջարկը կրկին չի ստացել Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի անդամների ձայների երկու երրորդը։

Այդ ցավոտ պարտությունն արդեն Ջոնսոնի անընդմեջ կրած վեցերորդ պարտությունն է։ Փաստորեն՝ Բրիտանիայի վարչապետը յուրօրինակ «հակառեկորդ» է սահմանել՝ հուլիսի վերջին իշխանության գալուց հետո տանուլ տալով բոլոր քվեարկությունները Համայնքների պալատում։ Ինչպես հաշվել է Sky News հեռուստատեսությունը, մեկ շաբաթվա ընթացքում Ջոնսոնը խորհրդարանում ավելի շատ պարտություն է կրել, քան լեյբորիստ-վարչապետ Թոնի Բլերը՝ իշխանավարման 10 տարիների ընթացքում (1997-2007)։

Բացի այդ՝ պատգամավորները օրենք են ընդունել, որը կառավարությանը պարտավորեցնում է երեք ամսով՝ մինչև 2020 թ․ հունվարի 31-ը, երկարաձգել Brexit-ի բանակցությունները ԵՄ-ի հետ, եթե մինչև հոկտեմբերի 19-ը Լոնդոնն ու Բրյուսելը այդպես էլ չկարողանան պայմանավորվել այնպիսի գործարքի վերաբերյալ, որը բավարարի երկու կողմին էլ։

Փոխանցում է tass.ru-ն։